«Ես չեմ ասել, որ եթէ չհասնեմ գործող իշխանութիւնների հեռացմանը, մանտաթս վայր եմ դնելու. ես ասել եմ, որ խորհրդարան չեմ վերադառնալու այլեւս»: Այս մասին յայտարարած է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը:
«Չեմ վերադառնալու, որովհետեւ ես անելիք չունեմ մի խորհդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, որն ասում է, որ պէտք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը: Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, ով ասում է, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում հազարաւոր զոհեր կարող էին չլինէին, բայց եղան, որովհետեւ ինքը այդպէս էր որոշել», ընդգծեց Արթուր Վանեցեանը:
Ան անդրադարձած է նաեւ պայքարի ընթացքին` նշելով, որ շարժումը չէ ձախողած.
«Ոչ մի դէպքում այդ բառը չեմ կարող օգտագործել, որովհետեւ շարժումը իրօք ունի արդիւնքներ: Ուղղակի, հաւատացէք, մի քիչ պէտք են նեարդեր: Կամք ու ժամանակ է հարկաւոր»:
Արթուր Վանեցեան հերքեց այն լուրերը, թէ ինք ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները փորձած է համոզել, որ անոնք հրապարակաւ յայտարարեն ու հեռանան պայքարէն:
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականութեանը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը բազմիցս է յայտարարել, որ այլեւս բարձր պաշտօն չի զբաղեցնելու Հայաստանում: Ռոպերթ Քոչարեանը փաստացի հանդիսանում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը, եւ «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցութիւնները եւ գործիչները այսօր աշխոյժ գործունէութիւն են ծաւալում հրապարակում: Դա իրենց որոշելիքն է, թէ Ռոպերթ Քոչարեանը հետագայում պիտի զբաղեցնի՞ բարձր պաշտօն, թէ՞ ոչ: Նման խօսակցութիւններ, նման պահանջներ իմ կողմից երբեք չեն եղել», ըսաւ ան:
Արթուր Վանեցեան ընդգծեց, որ նախկին երկու նախագահները ունին մեծ փորձ ու գիտելիքներ, բոլորին ցանկութիւնն է, որ պայքարը յաջողութեան հասնի.
«Իրականում նախկին երկու նախագահները ունեն մեծ փորձ, մեծ գիտելիքներ: Իրենց կառավարման տարիներին նրանք ունեցել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաեւ, ի հարկէ, որոշակի թերութիւններ, սակայն նախկին նախագահներն ամէն դէպքում նախկին նախագահներն են ու իրենց մասնակցութեամբ փորձում են ամէն ինչ անել, որ այս շարժումը հասնի յաջողութեան»:
Վանեցեան պատմեց, որ իր` մանտաթը վայր դնելու որոշման մասին խօսած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի հետ. «Տեղեկացրել եմ իմ որոշման մասին, մենք զրուցել ենք: Սերժ Սարգսեանն իր կարծիքն է ունեցել, բայց ամէն դէպքում յարգել է նաեւ իմ որոշումը: Խօսել եմ ՀՀԿ-ի իմ գործընկերների հետ, նաեւ խմբակցութեան պատգամաւորների հետ, «Հայաստան» դաշինքում ներգրաւուած կուսակցութիւնների ղեկավարների` Վահէ Յակոբեանի եւ Իշխան Սաղաթէլեանի, Սէյրան Օհանեանի հետ, նրանք յարգանքով են մօտեցել իմ որոշմանը»:
Հարցին, թէ արդեօք չե՞ն համոզած մանտաթը վայր չդնելու համար, Վանեցեան ըսած է, որ եղած են տարբեր կարծիքներ: