Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակին մէջ մարդիկ հինգ ժամէն աւելի սպասած են Ազգային ժողովին մէջ ընթացող ընդլայնուած խորհրդակցութեան աւարտին։
Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է արցախցի լրագրող Տաթեւիկ Աղաճանեան՝ կիսուելով որոշ մանրամասնութիւններով։
Աղաճանեանի խօսքով՝ երկար ձգձգումներէ, խորհրդարանի մուտքը հսկող ոստիկաններուն հետ հրմշտոցէ յետոյ ներկաներուն առաջ ելած է ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեան։
«Նախ ասաց, որ ապօրինի անցակէտից տարուած պատանիների հարցով բարի լուր ունի, որը կը յայտնի վաղը առաւօտ ծնողներին։
Յետոյ փորձեց հացի խնդրի մասին խօսել, ներկաներն ասացին, որ սա ստամոքսի պայքար չէ։ Ասաց, որ դիտարկում են միայն մի ճանապարհ` Լաչինի միջանցքը։ Մի պահ բարձրախօսին մօտեցավ Տիգրան Պետրոսեանը, բայց ներկաների սուլոցներից յետոյ նա հեռացաւ։
Յետոյ Ա. Յարութիւնեանը ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինուոր։ Բայց ճանապարհի բացման ժամկէտների ու այլ հարցերի կոնկրետ (յստակ) պատասխան չլսեցի»,- գրած է Աղաճանեան։