ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայ-ֆրանսիական ազգային համախմբի (համախմբում է Ֆրանսիայում գործող 86 հայկական կազմակերպություն) նախաձեռնության և ԺԱՖ խորհրդի անդամներ Ռենե Ձագոյանին, Պասկալ Շամասյանին, ինչպես նաև նախկին ռազմական գործիչ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանին, տեղեկանում ենք հանձնակատարի գրասնեյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի քանի կարևոր նախաձեռնություններ:
Ռենե Ձագոյանն ու Պասկալ Շամասյանը ներկայացրել են իրենց կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Ֆրանսիայի դպրոցների միջև համագործակցության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն այս նախաձեռնությունների հետագա առաջխաղացման ուղղությամբ։
Քննարկվել են նաև շրջակա միջավայրի պահպանությանը միտված երկու ծրագիր, որոնք նախատեսվում է իրականցնել ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության հետ համատեղ:
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Հայ-ֆրանսիական ազգային համախմբի իրականացրած աշխատանքները և նրանց նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք էապես կնպաստեն Ֆրանսիայի հայ համայնքի կազմակերպությունների համախմբմանը և հետագա աշխատանքների ավելի արդյունավետ իրականացմանը։
Գլխավոր հանձնակատարը նաև ընդգծել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ներկայացված ծրագրերի իրականացմանը։

