image

«ՔՊ»-ի վերջին ընտրութիւնները եւ լուրջ վտանգը. Դիտարկում Վահէ Յովհաննիսեանէն

«ՔՊ»-ի վերջին ընտրութիւնները եւ լուրջ վտանգը. Դիտարկում Վահէ Յովհաննիսեանէն

Միայն առաջին հայեացքով կրնայ Քաղաքացիական Պայմանագրի (ՔՊ) վարչութեան կազմի ընտրութեան կեղծումը համարուիլ ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմայ է, որ կը խօսի շատ վտանգաւոր հեռանկարի մասին։ Այս մասին իր յօդուածին մէջ գրած է «Այլընտրանքային նախագիծեր խումբ»ի փորձագէտ Վահէ Յովհաննիսեան:

Ան նաեւ նշած է. «Բոլոր յեղափոխական թիմերը վերջում սովորաբար վերածւում են խունտաների, պարզապէս ամէն պետութիւն դրա դիմաց տարբեր գին է վճարում։

Այս մարդիկ կեղծում են պետութեան պատմութիւնը, կեղծել են պատերազմի ընթացքը եւ պատերազմի արդիւնքները։ Ինչո՞ւ չպէտք է կեղծեն իրենց կուսակցական ընտրութիւնները։

Ըստ մամուլի, իշխող կուսակցութեան ներսում գործել է ընտրութիւնների արդիւնքները կեղծող ամբողջական խումբ։ Իսկ ո՞ւր է երաշխիքը, որ վաղը նման մի խումբ էլ չի զբաղուելու այլոց, ներքին եւ արտաքին ընդդիմախօսների ճակատագրերը որոշելու հարցով։   Պետական ինստիտուտների այսօրուայ կազմաքանդուածութեան պայմաններում սա շատ հեշտ ու գայթակղիչ գործ է։ Սա նշանակում է նաեւ, որ այլեւս որեւէ համապետական ընտրութիւն կեղծուելու է անխնայ ու անթաքոյց։ Մէկ վայրկեան անգամ չկասկածէք։

Մեծ հաւակնութիւններով մի ՔՊ-ական կեղծուած համագումարում յայտարարւում է, թէ «Մենք պէտք է դառնանք անթերի իշխանութիւն»։ Երկրի գլխին այսքան աղէտ բերելուց յետոյ, եթէ շարժուենք այդ տրամաբանութեամբ, անթերի դառնալ հնարաւոր է միայն պետութիւնը վերջնական փլուզման բերելով։

Նորից եմ ուզում կրկնել. սա ներկուսակցական կեղծարարութիւն չէ։ Սա շատ խորքային ռիսքերի մասին է խօսում, եւ սրա միակ կանխարգելման ձեւը առողջ ընդդիմութիւնն է։

Այսօրուայ մոնումենտալ (կոթողական) ընդդիմութեան փոխարէն անհրաժեշտ են առողջ, կենսունակ ժամանակակից ընդդիմադիր ձեւաչափեր, որոնք կը պատկանեն հասարակութեանը, ոչ թէ՝ անհատների, կը դառնան իրական այլընտրանք գործող իշխանութեանը, կը դառնան ուժեղ մագնիս՝ հասարակութեան բոլոր առողջ ուժերի եւ անհատների համար։

Առաջարկում եմ նոյեմբերի 5-ի՝ Արցախի աջակցութեան  հանրահաւաքից յետոյ, սկսել իրական քննարկումներ՝ ընդդիմադիր ձեւաչափերի վերափոխման եւ որակական փոփոխութիւնների ուղղութեամբ։ Ռիսքերը շատ մեծ են, շատ աւելի, քան պատկերացնում ենք»։