Փառուխը դեռ կը շարունակէ մնալ ատրպէյճանցիներու ձեռքը, ո՞վ կ'ըսէ, թէ ետ վերցուցին մերոնք: Այս մասին Tert.am-ին յայտնեց Ասկերանի շրջանի Փառուխի նախկին համայնքապետ Արտիւշա Միքայէլեանը, անդրադառնալով երէկ տարածուած լուրերուն, որ գիւղը հայկական կողմի ու ռուսական խաղաղապահ զօրախումբի վերահսկողութեան տակ է:
Հարցին` որո՞ւ վերահսկողութեան տակ այժմ կը գտնուի Քարագլուխ բարձունքը, Միքայէլեանը պատասխանեց․ «Այս կողմում իրենք են, իրենց վերահսկողութեան տակ է, միւս կողմից տեղեկութիւն չունեմ, Խրամորթից, որ նայում ես, այս կողմում ատրպէյճանցիներն են: Այս պահին Խրամորթի կողմից ատրպէյճանցիները ճանապարհ են սարքում դէպի Քարագլուխ, որ մնան այնտեղ:
Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատւում: Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում», ըսաւ Միքայէլեանը:
ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանն ալ իր ֆէյսպուքեան էջով գրած է, որ Ատրպէյճանը կը շարունակէ իր վերահսկողութեան տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գիւղն ու յարակից հատուածները:
«Փառուխ գիւղից դէպի Քարագլուխ բարձունք ատրպէյճանական յառաջխաղացումը նպատակին չի ծառայել` կանխուել է եւ բարձունքի նկատմամբ վերահսկողութիւն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գիւղից դէպի Քարագլուխ ատրպէյճանական ստորաբաժանումները մի քանի հատուածներում դիրքաւորուել են:
Ռուսական կողմը փորձում է բանակցութիւնների միջոցով հասնել ատրպէյճանցիների` ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրութեամբ, ատրպէյճանցիները հրաժարւում են ետ քաշուել:
Արցախի Պաշտպանութեան բանակի փոխանցմամբ, «ատրպէյճանական ստորաբաժանումները Մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրայ` կիրառելով ինչպէս տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպէս էլ հարուածային ԱԹՍ:
Ծաւալուած փոխհրաձգութեան արդիւնքում ատրպէյճանական կողմից զոհուել է առնուազն 5 զինծառայող: Հայկական կողմից կայ մէկ վիրաւոր:
Ժամը 09:00 դրութեամբ իրադրութիւնը յարաբերականօրէն կայուն է», գրած է Աբրահամեանը: