Վարչապետ Նիկոլ Փաշինեան շնորհաւորական ուղերձ յղած է Հայաստանի անկախութեան հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առթիւ, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, 1990 թուականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին, եւ այսօր նշում ենք այդ իրադարձութեան 33-րդ տարեդարձը:
Անկախութեան հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրուեց մեր այսօրուայ պետականութեանը: Այն ընդունուեց 1988 թուականից ծաւալող Ղարաբաղեան շարժման գագաթնակէտին, Խորհրդային Միութիւնում թեւածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում:
2020 թուականի պատերազմից առաջ ու յատկապէս պատերազմից յետոյ բազմիցս եմ ընթերցել եւ վերընթերցել Հռչակագրի տեքստը: Եւ պէտք է խոստովանեմ, յետպատերազմեան ընթերցումներս որոշակիօրէն տարբերուել են նախապատերազմեան ընթերցումներից:
Հռչակագրի տեքստի քննական վերլուծութիւնն ի ցոյց է դնում, որ մենք ի վերջոյ ընտրել ենք այնպիսի խօսոյթ եւ բովանդակութիւն, որի հիմքում դրուած է մեզ Խորհրդային Միութեան մաս դարձրած բանաձեւը. խօսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խօսոյթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մէջ էր պահելու մեր հարեւանների հետ:
Անկախութեան հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միութիւնից հեռանալու ուղեգիծը, բայց եւ փակեցինք Խորհրդային Միութիւնից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թէ 20-րդ դարավերջին ընդունուած Անկախութեան հռչակագրով որդեգրեցինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մեզ արդէն իսկ բերել էր անկախութեան կորստի:
Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թէ ինչպիսին կը լինէին եւ ինչի կը յանգեցնէին միւս ճանապարհները, բայց արդէն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թուականին ՀՀ վարչապետի պաշտօնը ստանձնելուց առաջ եւ դրանից յետոյ Հայաստանի անկախութեան Հռչակագրին վերաբերուել եմ ինչպէս «աստուածաշնչեան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ունէր եւ կարիք ունի խորը քննութեան, որովհետեւ, այնուամենայնիւ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետեւութիւններով:
Եւ հիմա, անկախութեան Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարութեան որդեգրած խաղաղութեան օրակարգը անկախութեան օրակարգն է, որովհետեւ եթէ ունենանք խաղաղութիւն, կ'ունենանք անկախութիւն: Քանի դեռ չունենք խաղաղութիւն, ԽՍՀՄ ուրուականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:
Ես ընտրում եմ անկախութիւնը, ինքնիշխանութիւնը, ժողովրդավարութիւնը: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին ընտրում է անկախութիւնը, ինքնիշխանութիւնը, ժողովրդավարութիւնը:
Փառք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»,-ըսուած է ուղերձին մէջ։