image

Պիտի պահանջեն Ժաննա Անդրէասեանի հրաժարականը

Պիտի պահանջեն Ժաննա Անդրէասեանի հրաժարականը

Շուտով պիտի յայտարարենք Ժաննա Անդրէասեանի հրաժարականը պահանջելու բողոքի ցոյցի մասին, զուգահեռ տանելով նաեւ ԿԳՄՍ նախարարը քրէական պատասխանատւութեան ենթարկելու գործընթացը:

Այս մասին գրած է պատմական գիտութիւններու դոկտոր, Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի նախկին տնօրէն Հայկ Դեմոյեանը:

«Ժաննայի հովհարն ու ազգային ինքնութեան հովհարային անջատումները

Շատերն են անդրադառնում «թաւշեայ կրկեսի» արդիւնքում իշխանութիւնն ուզուրպացրած ու Հայաստանի նկատմամբ նէոգաղութային քաղաքականութեան գործիքների վերածուած իշխանաւորների վտանգաւորութեան աստիճանի հասնող անհաշուետու վարքուբարքի, խայտառակ կոռուպցիոն գործելաոճի, անպատժելիութեան գերագոյն զգացումի եւ զանազան յանցանքների ու զանցանքների դիմաց պատժուելուց ապահովագրուած կեցուածքին:

Սա նոր երեւոյթ չէ ու որպէսզի մեկնաբանութիւնները «բա նախկինների օրօք...» սկսողներին հակազդելու հնարաւորութիւն չտրուի, հաւաստիացնում եմ, որ 2018 թուականից առաջ էլ նոյնն էր, բայց մի սկզբունքային տարբերութիւն, ամէն դէպքում, պարտաւոր ենք արձանագրել: 2018-ից յետոյ թերուս, ինքնահաւան ու ինքնամեծար կեղծ ինտելեկտուալների մի դաստա որոշել է «նոր ազգ» կերտել՝ պարտադրելով իր տեսլականն ու արժեհամակարգը նոր սերնդին, այն իրականացնելու հիմնական միջոց տեսնելով դպրոցական դասագրքերը, յատկապէս հումանիտար առարկաների գծով: Թարմ օրինակների ականատես եղանք բոլորովին վերջերս:

Նոր աշխարհայեացք ու արժեհամակարգ պարտադրելու քաղաքականութիւնն իրականացւում է բացայայտ կերպով, արհեստական ու շինծու օրակարգեր առաջ բերելով ու հետեւողականօրէն դրանք գովազդելով: Զաւեշտալին այն է, որ իրականացնողները մի հատ էլ զարմանում են, որ իրենց տխմարութիւններն առաջ տանելու ճանապարհին հանդիպում են խոչընդոտների ու դիմադրութեան:

Ակադեմիական քաղաքի տեսիլքն ու ֆեստիւառների բոցը պարզ ցնդաբանութիւններ ու կեղծ մշակութային անճաշակութիւններ չեն միայն: Դրանք մեծ գումարներ թալանելու ու լուրջ կապիտալ կուտակելու մեծ ծրագրերի լոկ մի մասն են, որոնց կողքին մի քանի միլիոն դոլար արժեցող նախագծերն ու ծրագրերը չեն երեւալու: ԿԳՄՍ նախարարը արդէն հանգիստ կարող է հաշիւ չտալ չկայացած համերգի ու պետբիւջէից մսխուած հսկայական գումարների համար: Ահռելի միջոցներ է փոշիացւում նաեւ խոտան ու խայտառակ որակով տասնեակ հազարաւոր տպաքանակով տպագրուող դասագրքերի դէպքում: Եւ քանի որ չկայ վերահսկողութիւն ու արդարադատութեան համակարգ կոչուածը, Ժաննա Անդրէասեանն ու միւսները դեռ շարունակելու են վայելել անպատժելիութեան «քաղցր» միջավայրը:

Թաւշեայ նէոգաղութացումն ուղեկցւում է նէոբոլշեւիզմով եւ տկարամիտ ռեւիզիոնիզմով: Ծխախոտի բիչոկներ հաւաքող վարչապետը ներկայանում է որպէս մեծ գաղափարախօս եւ ինտելեկտուալ, որի մտագալարումներն ու կեղծ պատումները ոչ միայն լռութեամբ են ընդունում մեր «փառապանծ» ակադեմիականները, այլեւ իրենք են մասնակցում այդ մշակումներին՝ թաւիշի գիտական հիմնաւորումն ապացուցող յօդուածներով:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ժաննայի, Նիկոլի ու միւսների համար Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածն արտառոց ու ցնցող իրադարձութիւն չի համարուել, քանի որ իրենց մտայնութիւններում ու արժեհամակարգում Ծիծեռնակաբերդը վանելու ու դուրս մղելու հասկացութիւն է, որը խոչնդոտում ու խանգարում է "նոր մարդ" կերտելու իրենց բոլշեւիկեան նախագծերին: Այն խանգարելու է ինքնութիւնից զտուած ու անդէմ էակների վերածուած սպասարկու զանգուած ստանալու լաբորատոր փորձերին ու փորձարկումներին, որոնք առատօրէն հովանաւորւում են դրսի պատուիրատուների կողմից:

Դիմադրութիւնն այս աւանակային ծրագրերին ու սրանց սպասարկող փալանչիներին պէտք է լինի կոշտ ու անզիջում:

Ժաննա Անդրէասեանը պէտք է հեռանայ ու կոռուպցիոն բազմաթիւ դէպքերի դրուագներով առերեսուի պատժուելու անխուսափելիութեանը:

Ցինիզմին էլ վերջ ու սահման կայ:

Դիմում եմ հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ մարդուն

Մի´ վերածուէք փորձարկումների ենթակայ անլեզու ու անինքնասէր օրգանիզմների, տուէ´ք ձեր բաժին հակահարուածը:

Շուտով կը յայտարարենք Ժաննա Անդրէասեանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաեւ ԿԳՄՍ նախարարին քրէական պատասխանատւութեան ենթարկելու գործընթացը՝ խոտան դասագրքեր կրթական համակարգ ներմուծելու, Ծիծեռնակաբերդը պղծելու, կոռուպցիա հովանաւորելու եւ պետական միջոցները վատնելու դրուագներով:

Մաքրման ու ինքնաառողջացման գործը մենք պէտք է անենք ու ոչ մէկը մեզ չի օգնելու այդ գործում, քանզի բոլորին ձեռնտու է անողնաշար, ինքնութիւնից զուրկ, հեշտ կառավարուող ու պարտուողական տրամադրութիւններ դաւանող հասարակութիւնից ցանկալի զիջումներ կորզելը»,-գրած է ան: