Նիկոլ Փաշինեան չէ ստորագրած ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդի հռչակագիրը: Այս մասին ան յայտնած է ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդի հերթական նիստին՝ ելոյթի ժամանակ․
«Հայաստանն առաջարկում է նաեւ ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի որոշմամբ արագացնել ատրպէյճանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական եւ դիւանագիտական աշխատանքը՝ ուղղուած Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից ատրպէյճանական զօրքերի անյապաղ եւ անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրութեամբ։
Նման դիրքորոշումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու, այլեւ Ատրպէյճանին մեր երկրի դէմ հետագայ ագրեսիւ (յարձակողական) գործողութիւններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ Ատրպէյճանի նոր ագրեսիայի (յարձակման) վտանգը պահպանւում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հաւաքական անվտագութեան խորհրդի արտահերթ նիստում յայտնել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Սթանիսլաւ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական յստակ գնահատականի բացակայութիւնը եւ վերը նշուած որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտաւորութիւններից հրաժարում, այլ նաեւ Ատրպէյճանի կողմից մեկնաբանուել որպէս ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լոյս Հայաստանի դէմ հետագայ ագրեսիայի (յարձակման) համար։
Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլեւ ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, յարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացուած «ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետութեանը օժանդակութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բաւականաչափ վերջնական տեսքի չի բերուել, եւ այս տեսքով, ամենայն յարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,-ըսած է Փաշինեան։