image

Պէտք է պայքարենք հայոց արդար դատի յաղթանակի համար. Գարեգին Բ.

Պէտք է պայքարենք հայոց արդար դատի յաղթանակի համար. Գարեգին Բ.

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Հարիւր եւ աւելի տարիներ առաջ մէկ եւ կէս միլիոն հայորդիք իրենց կեանքի գնով վկայեցին հաւատարմութիւնը աստուածաշնորհ մեր հայրենիքին ու հաւատքին` մերժելով ուրացութիւնն ու ուծացումը: Նրանք կենդանի պահեցին իրենց հաւատն ու յոյսը մեր ժողովրդի վերածննդի հանդէպ: Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականութիւն դարձաւ հայրենիքի մի փոքր հատուածում անկախ պետականութեան վերակերտումով, ինչպէս եւ աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանութիւնից փրկուած հայորդեաց նոր կեանքի վերընձիւղումով: 

Այսօր Հայաստանում ու Արցախում եւ ի սփիւռս աշխարհի, ազգովի համախմբուած եկեղեցիներում, յուշակոթողների առջեւ, աղօթք ենք բարձրացնում առ Աստուած` խնդրելով Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսութիւնը, որպէսզի միաբան ու աննկուն կամքով կարողանանք դիմագրաւել արհաւիրքներին ու սպառնալիքներին, պայքարել հայոց արդար դատի յաղթանակի համար եւ նպաստել մեր ժողովրդի կեանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործութիւնների ու ոճիրների կանխմանը: 

Թող Երկնաւոր Տէրը խաղաղութիւն ու բարօրութիւն պարգեւի Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, եւ թող յարուցեալ մեր Տիրոջ` Յիսուս Քրիստոսի երկնային շնորհները եւ սերը բաշխուեն համայն մեր ժողովրդին ու ողջ մարդկութեանը այսօր եւ միշտ. ամէն: