Խումբ մը քաղաքացիներ բողոքի արշաւ իրականացուցած են ՀՀ կառավարութեան շէնքի դիմաց՝ ի պաշտպանութիւն Հայ առաքելական եկեղեցւոյ ու ազգային-հոգեւոր արժէքներու։
Արշաւի մասնակիցները նախ կառավարութեան շէնքի դիմաց ֆլեշմոպ իրականացուցած են։ Իրենց հետ բերուած սպիտակ պարանի վրայ լուացքի ամրակներով կախած են պաստառները, որոնց վրայ տարբեր գրառումներ կային. «Մեր արհաւիրքի պատճառը սատանայապաշտ իշխանութիւններն են», «Նզո՛վք դաւաճաններին, ամօ՛թ լռողներին», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասիւնն է» եւ այլն։
«Ես ոչ մի կազմակերպութեան անդամ չեմ, ուղղակի մտահոգ քաղաքացի եմ։ Բորորն էլ հիմա դժգոհ են, հասունանում է պայքարը, բայց չգիտես ինչու`ոչ մէկ չի համարձակւում դուրս գալ փողոց։ Այսօր մեր խիղճը չի թողնում, որ մենք նստենք տանը։ 5 տարի շարունակ Նիկոլը դաւաճանում է Հայաստանը, ոտնահարում ազգային բոլոր արժէքները, տապալում է ամբողջ պետական համակարգը , կազմաքանդում բոլոր օղակները, պետութիւնն ուղղակի չի աշխատում։ Այսքանից յետոյ Նիկոլը հանդէս է գալիս ամենածանր նախաձեռնութեամբ` ջարդելու մեր հիմնասիւնը Հայ առաքելական եկեղեցին»,-ըսած է արշաւի մասնակիցներէն Էլիանորա Մանանդեանը։
ԱՆ դիմած է հայ ժողովրդին` հարց ուղղելով, թէ ուր են անոնք, երբ Նիկոլ Փաշինեանը կը պղծէ հայ եկեղեցին։ Արշաւի մասնակիցները ոչ թէ կը պահանջեն Նիկոլ Փաշինեանի հրաժարականը, այլ կը պահանջեն դատել անոր։
«Ես պահանջում եմ դատել ոչ միայն Նիկոլին, այլ նաեւ իր կենակցին բոլոր բարոյական օրէնքները խախտելու համար։ Ես հասկանում եմ, որ իրենք կրթութիւն չունեն եւ այդ խորդանոցներում իրենք են մեծացել, եւ «Կրթութիւնը նորաձեւ է» ակցիաներով ուզում են իրենց ներշնչել, թէ ուզում են կրթութիւն ստանալ»,–ըսած է Մանանդեանը։
Նշենք, որ արշաւի մասնակիցները նաեւ խնկարկում իրականացուցած են կառավարութեան շէնքէն նեռապաշտութեան չարիքը մաքրելու համար։
Անոնք կոչ ըրած են մարդոց փողոց դուրս գալու եւ էական չէ, կը միանան իրենց, թէ ոչ, կարեւորը մարդիկ իշխանութիւններուն ցոյց տան, որ կ՚արգիլեն պղծել եկեղեցին։