Այս պահուն պաշտպանութեան նախարարի հրաժարական պահանջելը արդարացուած եւ հիմնաւոր չէ։ Այս մասին Civic.am-ի հետ զրոյցին ըսած է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Խաչատրեանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ ճարտարապետական սակրաւորական վաշտի կացարանին մէջ տեղի ունեցած ողբերգական միջադէպին:
«Նախարարի հրաժարական կարող է պահանջուել այն դէպքում, երբ օբյեկտիւ, բազմակողմանի գնահատական է տրւում նրա գործունէութեանը։ Պարոն Պապիկեանի աշխատանքը մենք մի շարք ուղղութիւններով դրական ենք գնահատում եւ կարծում ենք, որ նա դեռեւս շատ անելիքներ ունի որպէս պաշտպանութեան նախարար՝ բանակի վերակազմաւորման, բարեփոխումների եւ այլ ուղղութիւններով։ Եւ երկրորդ՝ դէպքի կապակցութեամբ յարուցուել է քրէական վարոյթ, որի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիւ ու լրիւ քննութիւն կ'իրականացուի, կը պարզուեն պարզաբանման ենթակայ բոլոր հանգամանքները՝ ինչու է տեղի ունեցել դէպքը, ում մեղաւորութեամբ, եւ մեղաւորները կ'ենթարկուեն քրէական պատասխանատւութեան։ Ես կարծում եմ, որ ամէն ինչ պէտք է արուի օրէնքի շրջանակներում եւ իրաւական դաշտում։ Ես հասկանում եմ նաեւ յուզական այս վիճակը, սպասելի էր, որ նման յայտարարութիւններ եւ պահանջներ կը լինեն, բայց մենք պէտք է ողջախոհութեան շրջանակներում մնանք, հարցը վերաբերում է հայոց բանակին։ Եւ կրկնում եմ՝ Պապիկեանի հրաժարականի պահանջը գնահատում եմ ոչ հիմնաւոր»,- ըսած է Խաչատրեանը: