image

Միասին՝ հանուն մեկ նպատակի

Միասին՝ հանուն մեկ նպատակի

Սեպտեմբերը բուռն ամիս էր։ AMAA-ի մեծ համայնքի անդամները աշխարհի տարբեր ծայրերից ժամանել էին հայրենիք՝ միասին պատվելու հիմքերը եւ տոնելու նորը։ 

Ամսվա մեխը Հանքավանի համալիրի բացումն էր։ Մեր թիմը ջանք չխնայեց՝ գիշեր ու ցերեկ աշխատելու եւ կազմակերպության բարի անվանն ու առաքելությանը վայել ներկայանալու հանրության առջև։


AMAA-ի ռազմավարական նախագծերը Հայաստանում չէին կարող աննկատ մնալ Հանքավան ժամանած պետական այրերից եւ գործընկերներից։ Մեր թիմակիցները հատուկ տաղավարներում մանրամասնորեն ներկայացրին AMAA-ի բոլոր ծրագրերը՝ նախատեսվածից ավելի երկար արժանանալով հյուրերի հարցերին, հիացմունքին և ուշադրությանը։ Դեռ չավարտված՝ միջոցառումն արդեն կարելի էր համարել հաջողված։ Օրվա բանախոսները մի կողմ դրեցին նախօրոք պատրաստած ելույթները եւ խոսեցին իրենց տպավորությունների մասին։

Այս ամենը կազմակերպության հիմքերից եւ արժեքներից սնվող մարդկանց նվիրված աշխատանքի արդյունքն է։

Հոկտեմբերին արդեն հանդիպման վայրը օվկիանոսից անդին էր։ Մեր աշխարհասփյուռ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Գլենդելի Նազովրեցի Հայ Ավետարանական եկեղեցում՝ արժեվորելու անցնող տարվա ձեռքբերումները, կիսվելու մարտահրավերներով, նախանշելու մոտակա անելիքները։

Հայաստանի մասնակցությունն 2025-ի Տարեժողովին աննախադեպ էր իր ձեւաչափով։ Երեք ելույթ, երկու համառոտ տեսաֆիլմ, մեկ զեկույց։ Վերջինս ավելի նման էր հայեցակարգային փաստաթղթի, որը ներկայացնում էր մոտակա տասնամյակների մեր տեսլականը՝ հայրենիքում կառուցելու դպրոցներ եւ ըստ այդմ համախմբելու բոլոր ծրագրերը մեկ հարկի տակ։ Համոզիչ այս ռազմավարությունն ընդունվեց բուռն ծափողջույններով։

Վերադարձ հայրենիք, ու կրկին ժամն է գործելու։ Միասին, համախմբված, հանուն մեկ նպատակի։

Շնորհակալ ենք, որ հավատարմորեն մեզ հետ եք այս ճանապարհին։

 

Քրիստինա Սիմոնյան
Հաղորդակցության եւ գործընկերության ղեկավար


Սուրեն Սահակյան
Հանրային կապերի եւ ՏՏ ղեկավար