ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինդանը ճեպազրոյցին մէջ կրկնած է կառվարութեան նիստի ժամանակ ընդդիմութեան ուղղուած իր առաջարկը։
«Ես կարծում եմ, որ ծայրայեղ անհրաժեշտութիւն է․ յամենայնդէպս, եթէ իրենք այդ հարցին չպատասխանեն, չպատասխանելն էլ է պատասխան․ «Հայաստան» խմբակցութիւնը պէտք է ասի՝ Միացեալ Հայաստանի տեսլակա՞նն է ինքը հետապնդում, թէ՞ չէ։ «Ուժեղ Հայաստանն» էլ պէտք է ասի, որովհետեւ իրենց կրծքանշաններն էլ են որոշակի ուղղութիւններով․ Միասնական Հայաստանի տեսլականը կիսո՞ւմ են, թէ՞ չէ, եւ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի տեսլականը կիսո՞ւմ են, թէ՞ չէ, եւ ընդհանրապէս, Ադրբեջանի հայ փախստականների վերադարձի տեսլականը կիսո՞ւմ են, թէ՞ չէ։ Որովհետեւ սա ունի կոնկրետ քաղաքական հետեւանքներ, որովհետեւ այս հարցի պատասխանից է ի վերջոյ կախուած այն, թէ իրենց՝ պատերազմի կուսակցութեան բնորոշումն ինչքանով է համապատասխանում իրականութեանը, եւ իրենց քաղաքական դիրքորոշումները, այդ թւում՝ նոր Սահմանադրութեան հետ կապուած, ինչքանով կապ ունեն այս քաղաքական տեսլականի հետ», -ըսած է ան։
Ըստ վարչապետի՝ «Ասում եմ՝ եկէք նոր Սահմանադրութեան տեքստը տանենք հանրաքուէի․ ժողովուրդը հանրաքուէով դէմ կը քուէարկի, ես հրաժարական կը տամ։
Երէկ ասում են՝ վստահելիութիւն չունեք դուք, յետոյ էլ ասում են, որ ուզում են ինձ հեռացնել։ Ասում եմ՝ շատ լաւ, ժողովուրդը հանրաքուէին «ոչ» կ՚ասի, ես հրաժարական կը տամ վարչապետի պաշտօնից եւ կը հեռանամ եւ չեմ յաւակնի վարչապետի պաշտօնին՝ գոնէ այդ շրջափուլում եւ ընդհանրապէս։ Սերժ Սարգսեանի այդ արտայայտութիւնն է, չէ՞, եղել յեղափոխութեան պատճառը․ եթէ ասեմ ու չանեմ՝ յեղափոխութիւն կը լինի։
Խաղի կանոնները շատ պարզ են․ գնում ենք հանրաքուէի, ժողովուրդն ասում է՝ «ոչ», ես հրաժարական եմ տալիս։ Բայց սրանով չի աւարտւում առաջարկութիւնը․ ժողովուրդն ասում է՝ «այո», ես իրականացնում եմ, մինչեւ վերջ տանում եմ խաղաղութեան օրակարգը եւ բոլոր դէպքերում յաջորդ ընտրութիւններում չեմ լինում վարչապետի թեկնածու։ Այսինքն՝ ես ընդդիմութեանն առաջարկում եմ քաղաքական սենար, որը բոլոր դէպքերում աւարտւում է իմ հեռացումով։ Հիմա կ՚երեւայ՝ իրենք ինձ հեռացնելու քաղաքական օրակարգ ունե՞ն, թէ՞ չունեն, թէ՞ ձեւեր են թափում։
Ուղիղ ասում եմ․ սպառնալիք կը դիտարկուի՞, թէ՞ չի դիտարկուի, եթէ իրենք ինձ չհեռացրին, ես իրենց հեռացնելու եմ», -ըսած է Նիկոլ Փաշինեանը։
Ան նաեւ յայտնած է, որ Սահմանադրութեան նախագիծով կը նախատեսուի, որ ԲԴԽ-ի մէջ եւ անկախ մարմիններու մէջ ընդդիմութիւնը պիտի ունենայ «քվոտա» (սահմանուած բաժին)։