Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նպատակադրվել է հավաքագրել 5000 ֆունտ ստեռլինգ՝ նոյեմբերի 14-ին մասնակցելով Բաթերսի պարկի (Battersea Park) կիսամարաթոնին, տեղեկանում ենք Independent Catholic News-ից։
Միջոցներն ուղղվելու են «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» (ACN) կաթոլիկ բարեգործական կազմակերպության #RedWednesday («Կարմիր չորեքշաբթի») նախաձեռնությանը, որն աջակցում է աշխարհում հալածանքների և տառապանքների ենթարկվող քրիստոնյաներին։
Զրուցելով կազմակերպության հետ՝ Սրբազանն ընդգծել է, որ 21 կմ (13.1 մղոն) տարածությունը հաղթահարելու նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
«Իմ մարզումներն արդեն ընթացքի մեջ են. ես արդեն վազել եմ 15 կմ՝ Քյու կամրջից մինչև Համերսմիթ կամուրջ և հետ»,- նշել է նա։
Հովակիմ եպիսկոպոսը փորձառու վազորդ է: Նրա առաջին խոշոր մրցավազքը 2024 թվականին էր, երբ հաղթահարեց Վինձորի 5 կմ վազքը, իսկ ավելի ուշ մասնակցեց Քինգսթոնի կիսամարաթոնին՝ երկուսն էլ բարեգործական նպատակներով։
Սա չի լինի նրա առաջին վազքը 2026 թվականին․ սեպտեմբերի 20-ին նա մասնակցել էր 10 կմ վազքի՝ աջակցելով Կովկասում Արցախից տեղահանված երեխաների համար կազմակերպված ճամբարին։
«Տառապանքը հեռավոր մի բան չէ»
«Որպես եպիսկոպոս՝ ես գիտեմ, որ տառապանքը ո՛չ միայն պատմություն է, ո՛չ էլ հեռավոր մի բան։ Այսօր աշխարհում շատ քրիստոնյաներ են տառապում… Այնուամենայնիվ, մենք հաստատուն ենք մնում աղոթքի, ճշմարտության և սիրո մեջ՝ վստահելով, որ Քրիստոս զորացնում է Իր ժողովրդին», -հավելել է Տ. Հովակիմ եպիսկոպոսը։
Նա հատուկ երախտագիտություն է հայտնել ACN կազմակերպությանը՝ Հայ Կաթողիկե եկեղեցու միջոցով Հայաստանի համայնքներին ցուցաբերվող աջակցության համար (որը ընդհանուր արմատներ ունի Հայ Առաքելական եկեղեցու հետ). «Որպես Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս՝ ես սա դիտում եմ որպես քրիստոնեական համերաշխության իմաստալից դրսևորում մեր ավանդույթների միջև»։

Վազքը՝ առողջություն, աղոթք և հոգևոր թերապիա
Սրբազանը պատմել է, որ սպորտով սկսել է զբաղվել առողջական նկատառումներով․
«Ավելորդ քաշ ունեի և հասկացա, որ ինչ-որ բան պետք է փոխեմ։ Սկսեցի քայլելուց, հետո կարճ տարածություններ վազելուց՝ աստիճանաբար ուժ և վստահություն ձեռք բերելով։ Հոգևորականներն էլ պետք է հոգ տանեն իրենց առողջության մասին»։
Նրա խոսքով՝ վազքն իր համար վաղուց դուրս է եկել սովորական մարզանքի սահմաններից.
«Այն յուրատեսակ թերապիա է և հաճախ՝ աղոթքի ժամանակ։ Մենակ եմ մնում մտքերիս, Աստծո և քայլերիս ռիթմի հետ։ Առօրյա կյանքի աղմուկն ու պահանջները մի պահ հեռանում են՝ տեղ ազատելով խորհրդածելու և ուղղակի ներկա լինելու համար»։

Կոչ անելով միանալ դրամահավաքին՝ Հովակիմ եպիսկոպոսն եզրափակել է.
«#RedWednesday-ն մեզ հիշեցնում է, որ հալածանքն այսօր էլ իրականություն է մեր շատ եղբայրների և քույրերի համար։ Ինձ համար սա սերտորեն կապված է մեր քրիստոնեական կոչման հետ։ Ինչպես սովորեցնում է Սուրբ Հակոբոս առաքյալը՝ «հավատքն առանց գործերի մեռած է» [Հակոբոս 2:26]։ Իր առաջին իսկ օրերից Եկեղեցին աղոթել է, ավետարանել և գործնական օգնություն ցուցաբերել կարիքավորներին։ Այս նախաձեռնությանն աջակցելը այդ հավատքը գործի վերածելու ճանապարհներից մեկն է»։
Նախաձեռնությանը կարող եք աջակցել այս հղումով