84 տարեկանում մահացել է սյունեցի գրող, արձակագիր, բանահավաք, Հայաստանի գրողների միության անդամ Արկադի Ծատուրյանը: Նա ծնվել է 1937 թվականի փետրվարի 7-ին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը եւ ստացել մանկավարժական բարձրագույն կրթություն։ Ավելի քան 49 տարի եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Խնձորեսկ գյուղի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցում երկար տաիրներ եղել է ուսմասվար։
Արկադի Ծատուրյանը 1989-2004 թվականներին եղել է Ներքին Խնձորեսկի նորաբաց դպրոցի տնօրենը։ 2004-2006 թվականներին դպրոցի տնօրենի պաշտոնակատար է եղել Խնձորեսկի միջնակարգ դպրոցում։
1977-1978 թվականներին աշխատել է «Զանգեզուր» շրջանային թերթում:
Արկադի Ծատուրյանը մի շարք գրքերի հեղինակ է, նրա ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է ղարաբաղյան ազատամարտին եւ Սյունիքի մասնակցությանը այդ ազատամարտին: Գրել է նաեւ բանաստեղծություններ, երգիծական ժանրի գործեր, զբաղվել է հայրենի գյուղի պատմության հետազոտմամբ:
