Ի վերջոյ Ատրպէյճանը պիտի պատասխանէ՝ իրենք հետաքրքուած են խաղաղութեան հաստատմաբ, թէ՝ ոչ։
Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերին Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ ըսած է ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Վահան Կոստանեանը։
«Այն փաստը, որ Ադրբեջանում դեռեւս շարունակւում են 23 գերի մնալ, միւս փաստերը՝ հռետորաբանութիւնը, սրանք բացասական են ընկալւում մեր կողմից եւ այս գործողութիւնները Ադրբեջանի ղեկավարութեան կողմից արժանանում են մեր կողմից խիստ գնահատականների։
Բայց, այնուամենայնիւ, Հայաստանի կառավարութիւնը շարունակում է նպատակաուղղուած քայլեր ձեռնարկել Հարաւային Կովկասում խաղաղութիւն եւ կայունութիւն կառուցելու, մասնաւորապէս Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ։
Իսկ հումանիտար խնդիրների լուծման վերաբերեալ մշտապէս այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի եւ նաեւ երկու երկրների ղեկավարների միջեւ տեղի ունեցած հանդիպումներում մշտապէս խօսուել է։
Ի տարբերութիւն ադրբեջանական կողմի, որը շարունակաբար խախտել է այս պայմանաւորուածութիւնները՝ նոյն Բրիւսելում ձեռք բերուած։
Հայկական կողմը հետաքրքրուած է հումանիտար խնդիրների լուծմամբ, եւ այս ուղղութեամբ մենք իրականացնում ենք մեր տնային աշխատանքը․ նոր քարտէզներ են կազմուել, միեւնոյն ժամանակ մենք կարծում ենք, որ մնացեալ բոլոր հումանիտար խնդիրները, որոնք այս պահին ադրբեջանական դաշտում են, դրանք նոյնպէս պիտի իրենց լուծումը ստանան։
Եւս մէկ խնդիր, որ վերջին 2 տարում երկու երկրներն էլ բարձրացնում են, դա անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրն է եւ այս ուղղութեամբ եւս մենք արել ենք որոշակի աշխատանք մեր ներսում՝ հասկանալու համար թէ ինչ տեղեկատւութիւն կայ, որը կարելի է հաւաքել։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնները կասկած են յարուցում, թէ ընդհանրապէս ադրբեջանական կողմը հետաքրքրուած է յարաբերութիւնների կարգաւորմամբ եւ խաղաղութեան հաստատմամբ, իսկ այս ճանապարհին վստահութեան ամրապնդման միջոցառումները բաւականին մեծ կարեւորութիւն ունեն։
Ի վերջոյ Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքուած են վստահութեան ամրապնդման միջոցառումներով եւ խաղաղութեան հաստատմաբ, թէ՝ ոչ, որովհետեւ յայտարարութիւնները, որոնք հնչւում են Բաքուից, բաւականին իրարամերժ են»,-ըսած է Կոստանեանը։