«Հայաստան» խմբակցութիւնը որոշած է վերականգնել մասնակցութիւնը միջազգային կազմակերպութիւններու հետ աշխատանքներուն: Այս մասին նշուած է խմբակցութեան տարածած հաղորդագրութեան մէջ:
«2021 թուականի Դեկտեմբերի 7-ին հանդէս էինք եկել յայտարարութեամբ, որ կասեցնում ենք մեր մասնակցութիւնը միջազգային համապատասխան կազմակերպութիւնների աշխատանքներին: Յայտարարութեան հիմքը եղել է մեր գործընկեր պատգամաւորների` ակնյայտ ապօրինի կալանաւորումը եւ այլ պատգամաւորների, այդ թւում` պատուիրակութիւնների մէջ ընդգրկուած, տեղաշարժի ապօրինի սահմանափակումը:
Յայտարարութիւնից յետոյ մեր գործընկերներն ամիսներ տեւած ապօրինի կալանաւորումից ազատ արձակուեցին` մեր խմբակցութեան կողմից Սահմանադրական դատարան ներկայացուած դիմումի հիման վրայ ընդունուած որոշմամբ: Այնուհետեւ սկիզբ առաւ պատգամաւորների տեղաշարժի ապօրինի սահմանափակման վերացման գործընթացը:
Թէեւ Սահմանադրական դատարանը յստակ արձանագրել է, որ յարուցուած քրէական հետապնդումները չպէտք է խոչընդոտեն պատգամաւորի սահմանադրական գործունէութեանը, այս իշխանութիւնները որոշ պատգամաւորների նկատմամբ շարունակում են նոյն ակնյայտ ապօրինի մօտեցումը: Իշխանութիւններն ամէն կերպ ապօրինաբար կալանաւորուած են պահում նաեւ մեր Դաշինքի մի շարք անդամների: Սակայն ինչպէս պատգամաւորների ապօրինի կալանաւորումները, այդպէս էլ այս կոպիտ խախտումների վերացման հարցում դրական արդիւնք ենք ունենալու:
Հաշուի առնելով այն, որ պատգամաւորների գործունէութեան ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերեալ մեր պահանջների զգալի մասը լուծուել է` «Հայաստան» խմբակցութիւնը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների աշխատանքներին», գրուած է յայտարարութեան մէջ: