image

Հայկական դրամը որոշակի անկում կը կրէ. Պատճա՞ռը

 Հայկական դրամը  որոշակի անկում կը կրէ. Պատճա՞ռը

Տոլարի հանդէպ  հայկական դրամի փոխարժէքին տատանումը կրնայ կապուած ըլլալ այն բանի հետ, որ մարդիկ ռուպլիով եկած են Հայաստան, անով տոլար գնած, ինչ որ յանգեցուցած է դրամի հանդէպ տոլարի փոխարժէքի աճի, իսկ յետոյ նորէն սկսած տոլար մանրել, եւ տոլարի փոխարժէքը վերադարձաւ նախկին դիրքին։ Այս մասին ըսած է տնտեսագիտութեան դոկտոր Կարէն Ադոնց։ Այլ առարկայական գործօններ  չկան։

«Այսինքն՝ Տոլարի հանդէպ դրամի փոխարժէքի տատանումը վերջին օրերին կարող էր լինել շահադիտորդների հետեւանք։ Բայց լուրջ պատճառներ չեմ տեսնում։ Գուցէ կրճատուել են փոխանցումները, բայց Հայաստան եկող մարդիկ իրենց հետ արժոյթ են բերում եւ փոխհատուցում այդ նուազումը։ Չկան այնպիսի գործօններ, որոնք կարող էին խախտել հաւասարակշռութիւնն արժոյթի շուկայում։ Ներկայ պահին չկան տատանման կրկնման առարկայական պատճառներ։ Հիմնական խնդիրը կապուած է ռուսական ռուպլու հետ, քանի որ հայկական արտահանումը խիստ կախուած է ռուսական շուկայից. Ուքրանիա արտահանուող ապրանքների ծաւալը գնահատւում է մօտ 100 մլն տոլար, իսկ Ռուսաստան՝ 850 մլն տոլար։ Ուստի, ռուպլու արժեզրկումը հարուած է հասցնում։ Բայց ժամանակ է պէտք, որպէսզի գնահատուի վնասը՝ հաշուի առնելով այն, որ ռուսական արժոյթը աստիճանաբար վերականգնւում է։ Ռուսաստանում հայկական ապրանքների պահանջարկը չի կրճատուի՝ նկատի ունենալով այն խնդիրները, որոնք ծագում են ռուսաստանցի արտադրողների համար, եւ մթերքների շուկան կը շարունակի աշխատել նախկին ռեժիմով, ի տարբերութիւն այլ ուղղութիւնների, որտեղ դժուարութիւններ կը լինեն։ Մեզ համար  կարեւոր նշանակութիւն ունեն մթերքի շուկաները եւ վերամշակող արդիւնաբերութեան ոլորտները, իսկ խնդիրները թաքնուած են ռուպլու արժեզրկման հետ կապուած դժուարութիւններում։ Այդ մասով արտահանողներին պէտք է աջակցութիւն ցուցաբերուի հարկային արտօնութիւնների եւ դրամատների վարկաւորման միջոցով։ Այդ միջոցները կարեւոր են, որպէսզի գնումների գործընթացը չընդհատուի»։

Կը նշուի, որ երեք շաբթուայ ընթացքին տոլարի հանդէպ դրամի փոխարժէքը նախ ինկած էր մօտ 8 տոկոսով, իսկ յետոյ կտրուկ վերականգնուած։ Ուքրանիոյ 24 Փետրուարին՝ Ռուսաստանի ռազմական գործողութեան օրուընէ տոլարի փոխարժէքը 479,78-էն բարձրացաւ 518,28 դրամի, իսկ 14 Մարտին սկսաւ սրընթաց իջնել՝ 17 Մարտին հասնելով 490,49 դրամի։

Լուրը՝ News.am-էն