Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի եւ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել, տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից:
Ելույթ են ունեցել Նիմի քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը եւ Նիմի հայկական ընկերակցության («Amicale Franco-Armenienne de Nimes et du Gard ») նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Արարողությանը ներկա էր նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Պաշտպանության եւ զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյուման, ինչպես նաեւ Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։
Հայաստանի դեսպանը հիշեցրել է այն կարեւոր դերակատարումը, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում։ Ընդգծվել է նաեւ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչելու, ինչպես նաեւ ապրիլի 24-ը 2019 թվականից ի վեր Ֆրանսիայի պետական հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու կարեւորությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների կանխարգելման հարցում։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Նիմի քաղաքապետին եւ քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հրապարակի անվանակոչման եւ խաչքարի տեղադրման նախաձեռնությանը հավանություն տալու համար։ Դեսպանը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Նիմի՝ համեմատաբար նոր ձեւավորված ֆրանսահայ համայնքին՝ ի դեմս քաղաքի հայկական ընկերակցության եւ նրա նախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ այս կարեւոր նախաձեռնության եւ այն կյանքի կոչելու համար։
Ելույթներից հետո տեղի է ունեցել խաչքարի օրհնության արարողություն, զետեղվել են ծաղկեպսակներ:
Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպել է Նիմի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, շնորհակալություն է հայտնել համայնքին՝ 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ Նիմի ֆրանսահայերի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված ավելի քան 60 հազար եվրո հանգանակության համար՝ ընդգծելով, որ նիմահայերի պես փոքրաթիվ հայ համայնքի համար նման զգալի չափի հանգանակությունը բացառիկ է եւ վկայում է համայնքի՝ մայր հայրենիքի հետ ամուր կապվածության եւ նվիրվածության մասին։