Մենք մի քանի պատգամավորով որոշեցինք գնալ Կիրանց ու տեղում ծանոթանալ սահմանազատված սահմանին, պաշտպանական ու ամրաշինական աշխատանքներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Աննկարագրելի ծավալի աշխատանք է կատարվում, որը պետք է արվեր վերջին 20-25 տարվա ընթացքում, և որի արդյունքում մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք: Գնացել ենք Կիրանց, շրջել գյուղում հանդիպել մի քանի հոգու, զրուցել նրանց հետ։ Բնակիչներն իրենց աշխատանքին էին, դաշտերում՝ իրենց հոգսերով, որևէ բողոք, որևէ բացասական տրամադրվածություն կամ որևէ այլ բացասական էմոցիա չի եղել: Բնակիչները տեսել են այն, ինչ կատարվում է, արձանագրել են ու գիտակցել, որ այն ինչ ասվում էր փողոցային ընդդիմության կողմից, եղել է սուտ և կեղծիք»,- ասաց պատգամավորը:
Զեյնալյանի կարծիքով Կիրանցի բնակիչները գոհ են սահմանազատումից:
«Գյուղացիները գոհ են, որ սահմանն արդեն հստակ է, ու երկուստեք ընդունելի է, որ այդ գծից այս կողմ ՀՀ-ն է, իսկ այն կողմ ՀՀ-ն չէ»,- ասաց նա:
Հարցին՝ կա՞ երաշխիք, որ այդ սահմանը չի խախտվի ադրբեջանցիների կողմից, պատգամավորն ասաց. «Երկրագնդի վրա չկա որևէ երկիր, որ երաշխիք ունի, որ իր սահմանները երբևէ չեն խախտվի: Ռիսկերը, որ էսկալացիա կլինի, անհամեմատ ավելի նվազ են ու կառավարելի: Կիրանցում ապատեղեկատվություն էր տարածվում, որ ադրբեջանցիները գալու են, մտնեն գյուղ, գյուղը կիսվելու է երկու մասի, որ սահմանազատումը լինելու է ծառերով, թփերով: Գնացեք, տեսեք, թե ինչ սահմանազատված սահման ունենք: Այնտեղ չէր նախատեսվում ծառերով փակել, այն ինչ նախատեսված է եղել, դա էլ կառուցվում է, փշալարեր են, սյուներ ու ճանապարհի այդ հատվածում պատ է կառուցվելու»: