Պէտք է արձանագրել նաեւ սահմաններու սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները արագացնելու անհրաժեշտութիւնը` սահմանին անվտանգութեան եւ կայունութեան մակարդակը բարձրացնող քայլերուն զուգահեռ: Այս մասին կառավարութեան հերթական նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Գիտէք, ի հարկէ, որ մենք հանդէս ենք եկել սահմանից զօրքերի հայելային ետքաշման առաջարկով, որպէս ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի եւ Ատրպէյճանի տէ իւրէ հաստատուած սահմանագիծը:
Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդէս ենք եկել նաեւ տեղային ետքաշումների առաջարկներով եւ այստեղ էլ սպասում ենք Ատրպէյճանի արձագանգին: Մասնաւորապէս, Երասխի հատուածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստէք կը լուծենք վերջին մէկուկէս տարուայ ամենաթէժ կէտերից մէկի հարցը: Ինչպէս ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանգին», ըսաւ Փաշինեան եւ հարց բարձրացուց` վերջին շարք մը իրադարձութիւններէն յետոյ չենք հասկնար` Ատրպէյճանը կ'ուզէ՞ տարածաշրջանային հաղորդակցութիւններու բացում, թէ՞ ոչ:
«Եթէ ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մէջ մնալ, եւ մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիօրէն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում», ըսաւ ան: