“Cheese up”. Լոռին հայտնի կդառնա նաև բարձրարժեք պանրով

“Cheese up”. Լոռին հայտնի կդառնա նաև բարձրարժեք պանրով

Գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ ու տեսարժան վայրերով հայտնի Լոռին չորս տարի անց ճանաչելի կլինի նաեւ բարձրարժեք պանրի արտադրությամբ։ Հոկտեմբերին մարզում կմեկնարկի մի ծրագիր, որի արդյունքում 6 գյուղերում՝ Վահագնիում, Եղեգնուտում, Դսեղում, Դեբետում, Չկալովում և Ձորագյուղում կաթի արտադրությամբ և դրա վերամշակմամբ զբաղվող մոտ 200 տնտեսություններ ձեռք կբերեն հմտություններ՝ արտադրելու ավելի մեծ քանակով և որակով կաթ,  Իսկ բարձրորակ կաթը կդառնա բարձրարժեք պանիր ՝ նշված համայնքներում արդեն իսկ գործող և ծրագրի շահառու դարձած, ինչպես նաև նոր հիմնվող արտադրամասերում։    

Սեպտեմբերի 17-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն ու Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ Լոռու մարզում  “CheeseUp” (Չիզ Ափ) ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ, որի հիմքում բարձրորակ պանրի արտադրության գաղափարն է։ 

Չորս տարվա ընթացքում ծրագրի շահառու համարվող գյուղական 6 բնակավայրերում կիրականացվեն ծրագրային հետևյալ բաղադրիչները՝ կաթի վերամշակման արտադրամասերի արդիականացում, ֆինանսական ու տեխնիկական օժանդակություն պանրի արտադրությամբ զբաղվող 4 բիզնեսների, ինչպես նաև ևս 2 նոր բիզնեսի հիմնում, անասնակերի մշակության և սարերից կաթը տեղափոխելու համար տեխնիկայի տրամադրում, անասունների կեցավայրերի բարեկարգում, կերային մշակաբույսեր աճեցնելու համար հողատարածքների ընդլայնում ու սերմերի տրամադրում, կովերի արհեստական սերմնավորում, կթման ապարատների տրամադրում և այլն։ Ծրագրի ընթացքում կաթի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսությունների համար նաև դասընթացներ կանցկացվեն, իսկ պանիր արտադրողներին ծրագրի պատասխանատուները կաջակցեն նաև բիզնես պլանների ստեղծման գործում ու կիրականացնեն մարքեթինգի, բրենդավորման, փաթեթավորման ու վաճառքի խորհրդատվություն։

2021-2025թթ․ ընթացքում AMAA-ի և ՔՈԱՖ-ի կողմից իրականացվելիք աշխատանքները ներկայացնելուց հետո «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նշեց, որ ՔՈԱՖ-ի պատմության մեջ սա ամենահավակնոտ տնտեսական զարգացման ծրագիրն է, որի իրականացման ռիսկը կիսելու են գործընկեր՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն կազմակերպության հետ։ 

«Շատ սպասված ծրագիր է, որովհետև ուղիղ անդրադառնում է գյուղի առօրյային, և հույսերն էլ, ակնկալիքներն էլ ձեր կողմից մեծ են, և փորձելու ենք հնարավորինս շուտ ու լավ հասնել էդ ամբողջին։ Մեր խնդիրն ընդհանուր կենսամակարդակը բարելավելն է, սա մեր առաջին գաղափարական նպատակն է։ Մենք չենք ուզում տալ, այլ ուզում ենք օգնել, որպեսզի միասին կարողանանք առաջ գնալ։ Նախագծային առումով էլ միասին ենք աշխատելու․ թիմ կա AMAA-ից և թիմ կա ՔՈԱՖ-ից։ Եվ վերջում ֆինանսները, ներդրումները միասին ենք անելու», - իր խոսքում նշեց Կորյուն Խաչատուրյանն ու հավելեց, որ վարչական ծախսերը հնարավորինս սեղմվելու են՝ կաթնամթերքի արժեշղթայի վրա ազդեցությունն ու աջակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ 

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցչի տեղակալ Արեն Դեյիրմենջյանն էլ իր ելույթում նախ կարևորեց ՔՈԱՖ-ի հետ համագործակցությունը, ապա ասաց․

«Երկու կազմակերպությունների ուժերը միավորում ենք և էսպիսի նոր սիներգիա պիտի ստանանք, որը էֆեկտիվ պիտի լինի մեր ժողովրդի համար։ Ուրախ ենք, որ մեր ծրագրի բնույթը տնտեսական զարգացում է ենթադրում, քանի որ երկրի իրավիճակից ելնելով՝ կարևոր է ամեն օրը, որ մենք ինքներս վերստեղծենք, դեգերենք նոր, անհայտ տարածքներում, որպեսզի էս իրավիճակի համար հարմար և արդյունավետ ծրագրեր անենք»։  

“Cheese up” (Չիզ Ափ) կամ որ նույնն է՝ բարձրորակ, բարձրարժեք պանրի արտադրության ծրագրի արժեքը 550 հազար ԱՄՆ դոլար է։ Ծրագրի իրականացման ժամկետը՝ չորս տարի։  

«Մեր ամբողջ նպատակն է՝ աջակցել համայնքի բնակիչներին, որպեսզի ծրագրի արդյունքում նրանք տնտեսապես ավելի կայուն վիճակում լինեն, իսկ տարածաշրջանը պանրի տեսանկյունից դառնա հայտնի, հատկապես մեր թիրախ 6 գյուղերը, որոնք ընտրվել են ծրագրի իրականացման համար։ Ընտրված գյուղերում աջակցության մոտեցումները տարբեր են լինելու։ Մի գյուղի դեպքում, օրինակ, կաթի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող ընտանիքներին սարքավորումներ են տրամադրվելու, իսկ մյուսի դեպքում աջակցությունն ուղղվելու է ճանապարհների բարեկարգմանը, որ կաթը գյուղից հեշտությամբ հասնի արտադրամաս։ Մեկ այլ գյուղում էլ խնդիրները սարում անասունների կեցավայրի հետ են կապված, և տվյալ բնակավայրին արդեն օգնելու են՝ հաշվի առնելով նշված բաղադրիչը», - ասում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության տնտեսական զարգացման մասնագետ Նարինե Գալստյանը, որ նաև AMAA-ի կողմից  “CheeseUp” ծրագրի ղեկավարն է։   

Համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին երկու կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև “CheeseUp” ծրագրի շահառու գյուղերի ղեկավարները։ 

Դեբեդի գյուղապետ Աշոտ Ղազարյանի խոսքով՝ տնտեսական զարգացման այս ծրագիրը շատ բան կփոխի անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների և ընդհանրապես գյուղի կյանքում։

«Դեբեդը միշտ զբաղվել է անասնապահությամբ, բայց սիրողական մակարդակի վրա է եղել էդ ամենը, այսինքն զարգացած պրոֆեսիոնալ անասնապահական տնտեսություններ գոյություն չունեն գյուղում։ Եվ դա միշտ լուրջ խնդիր է առաջացրել բարձր եկամուտ ստանալու հետ կապված։ Բայց էս ծրագրի շրջանակներում վստահ ենք, որ արդեն չորս տարին չլրացած մենք կունենանք տեսանելի և բարձր եկամտաբերությամբ արդյունքներ», - ասում է գյուղապետը։  

 

“CheeseUp” ծրագրի մեկնարկի առիթով Լոռի այցելած հյուրերը նաև շրջայց կատարեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի գործունեության երեք տարիների ընթացքում իրականացված ու սպասվելիք ծրագրերին։