image

Ատրպէյճանէն Հայաստան պիտի ներկրուի նաեւ տիզվառելիք․ Պապոյեան

Ատրպէյճանէն Հայաստան պիտի ներկրուի նաեւ տիզվառելիք․ Պապոյեան

Առաջիկա օրերին Ադրբեջանից Հայաստան կներկրվի մի քանի հազար տոննա ոչ միայն «պրեմիում», այլև «ռեգուլյար» տեսակի բենզին և դիզելային վառելիք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս անգամ համ պրեմիում կա, համ ռեգուլյար կա, և դիզել ու էլի նախնական գնահատականներով պետք է գինը մեր իմացած շուկայականից մի 80 դրամ էժան լինի»,- նշել է Պապոյանը՝ հավելելով, որ էժան վառելիքը Հայաստան կհասնի մոտակա օրերին։ Նրա խոսքով՝ գործընթացն արդեն «ռելսերի վրա է», և ինքն այլևս չի զբաղվելու դրանով, քանի որ այն դարձել է սովորական բիզնես գործընթաց։

Նախարարի խոսքով ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակը ներկրում են նույն ընկերությունները, ինչ նախորդ անգամ։

Դեկտեմբերի 10-ին Հայաստան ադրբեջանական բենզին է ներկրել երկու ընկերություն։ Առաջինը «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran Oil (Ռան Օիլ) բենզալցակայանների ցանցը, երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։

Նախարարը հորդորել է մյուս ներմուծողներին ևս բանակցել իրենց մատակարարների հետ՝ մրցունակ գին ապահովելու համար։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է սկսվել ադրբեջանական կողմի հետ համագործակցությունը և արդյոք կառավարությունն է առաջարկել այդ ընկերություններին սկսել գործընթացը, նախարարը պարզաբանել է. «Ես կարծում եմ, որ առաջին հերթին իրենք՝ կազմակերպությունները, իրար հետ երևի թե խոսել են»։

Պապոյանը շեշտել է վառելիքի էժանացման տնտեսական նշանակությունը, հատկապես դիզելի մասով.

«Եթե ենթադրենք 80 դրամ էժան եղավ, դա նշանակում է տրակտորը, որը հող է վարելու մարտ ամսին… ինքը 20% ավելի քիչ դիզելային վառելիք է ծախսելու փողի տեսանկյունից»։

Նա վստահություն է հայտնել, որ մրցակցային գինը դրական կազդի քաղաքացիների ընդհանուր բարեկեցության վրա։

Դեկտեմբերին Ադրբեջանից Վրաստանի տարածքով առաջին անգամ Հայաստան ժամանեց ադրբեջանական Socar ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը: