Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արտակ Բեգլարեանը ֆէյսպուքեան գրառմամբ հակադարձած է Իլհամ Ալիեւի որոշ յայտարարութիւններուն․
«Իլհամ Ալիեւը պատմական փաստերի հերթական կեղծում է կատարել, այս անգամ` ԼՂԻՄ-ի ժողովրդագրութեան մասին:
Ատրպէյճանի նախագահը բռնազաւթուած Շուշիում հերթական միջոցառման ժամանակ, ի թիւս այլ կեղծ պնդումների, ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ատրպէյճանական բնակչութիւնը մեծամասնութիւն էր կազմում, այնինչ իրականութիւնը ճիշդ հակառակն է:
1. 1921թ. Ղարաբաղի բռնակցման պահին ատրպէյճանական բնակչութիւնը 4% էր, իսկ հետագայ տասնամեակներում` ԽՍՀՄ մարդահամարների ցուցանիշներով`
• 1926թ.` 10.06%,
• 1939թ.` 9.32%,
• 1959թ.` 13.80%,
• 1970թ.` 18.08%,
• 1979թ.` 22.98%,
• 1989թ.` 21.52%:
2. Բնականաբար, բնակչութեան մնացած մասը հայեր էին եւ շատ փոքր տոկոսով` այլազգիներ:
3. Եւ սրանք այն ցուցանիշներն են, որոնք հէնց իրենք` խորհրդային Ատրպէյճանի իշխանութիւններն (այդ թւում` Իլհամ Ալիեւի հայրը) են հաւաքագրել, ուստի, հաստատ, զգալիօրէն ուռճացուած են:
4. ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում ատրպէյճանցիների կայուն աճող թիւը պայմանաւորուած է հայ բնիկ բնակչութեան դէմ իրականացուած սպիտակ ցեղասպանութեամբ:
5. Թող ատրպէյճանական իշխանութիւնները մէկընդմիշտ յիշեն, որ Արցախում երեք հազար տարի շարունակ եղել է բացառապէս հայկական ճնշող մեծամասնութիւն»: