«Իրաւունք» թերթը կը գրէ․ «Հայաստանն ունի՞ այլընտրանքային ճանապարհներ, որոնցով վատագոյն տարբերակի իրականացման, այն է՝ անկլաւների յանձնման դէպքում կը կարողանայ կապուել Վրաստանի եւ Իրանի հետ: Հարցի պատասխանը «Իրաւունքը» փորձել է ստանալ յայտնի քարտէզագէտ Ռուբէն Գալիչեանից, ով փաստեց.
- Ոչ, դէպի Իրան նման ճանապարհներ չկան: Երասխից սարերով բարձրացող մայրուղու համար այլընտրանքային ճանապարհ չկայ: Առկայ են որոշ գիւղամիջեան ճանապարհներ, որոնք շրջանցում են այդ հատուածը, սակայն մեծ բեռնատարները եւ ավտոբուսները այդ ճանապարհով չեն կարող անցնել, դրանք պէտք է ամբողջովին լայնացնել:
Ինչ վերաբերում է Վրաստան տանող ճանապարհին, ապա այնտեղ մի հատուած կայ, որը մտնում է ադրբեջանական հողամասի մէջ, ինչպէս Գորիսից Կապան գնացող ճանապարհն էր անցնում: Այդ հատուածում նոր ճանապարհ պէտք է կառուցուի»:
Մանրամասները՝ թերթի այսօրուան համարին մէջ։