Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնրէալի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ տիկնանց միութեան անդամները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնրէալի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ տիկնանց միութեան անդամները

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոնրէալի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու տիկնանց միութեան անդամներին` առաջնորդութեամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմեանի: 

Ներկայացնելով ուխատուոր հայորդիներին` Աբգար Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկութիւններ փոխանցեց տիկնանց միութեան կողմից թեմական կեանքում  եւ հայրենիքում իրականացուող ծրագրերի մասին: 

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնութիւնը բաշխելով ներկաներին, բարձր գնահատեց տիկնանց միութեան անդամների նուիրումն ու սերը հայրենիքի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդէպ: 

Անդրադառնալով հայրենիքում տիրող ծանր իրավիճակին` Նորին Սրբութիւնն ընդգծեց ներկայիս մարտահրաւէրների դիմագրաւման գործում աշխարհասփիւռ հայութեան միասնականութեան անհրաժեշտութիւնը, դրսեւորումը նուիրումի եւ յանձնառութեան, ինքնազոհողութեան ոգու: Կարեւորելով առկայ խնդիրների յաղթահարման ուղղութեամբ միջազգային հանրութեան դերակատարութիւնը` Հայոց Հայրապետը ներկաներին յորդորեց իրենց համայնքներում անել կարելին, որպէսզի երկրի իշխանութիւնների կողմից դատապարտութեան արժանանայ Ադրբեջանի ծաւալապաշտական քաղաքականութիւնը եւ հայատեացութեան սերմանումը:  

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց ուխտաւորների հարցերին, որոնք վերաբերում էին հայաստանեան ներկայ իրավիճակին, տարբեր ոլորտներում իրականացուող Մայր Աթոռի ծրագրերին եւ Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներին: