image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեքսիկա-հայաստան բարեկամական խումբի պատուիրակութիւնը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեքսիկա-հայաստան բարեկամական խումբի պատուիրակութիւնը

Յունուարի 19-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի պատուիրակութեանը` գլխաւորութեամբ խմբի ղեկավար Բերենիսէ Խուարես Նաւառատէի: 

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Մեքսիկայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմելլայ Շաքարեանը եւ ՀՀ-ում Մեքսիկայի պատուաւոր հիւպատոս Նիկոլայ Կոստանդեանը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը յոյս յայտնեց, որ պատուիրակութեան այցը Հայաստան առաւել կը խորացնի երկու երկրների բարեկամական յարաբերութիւնները տարբեր ոլորտներում: Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գոհունակութիւնն արտայայտեց  հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանութիւնների հոգատար վերաբերմունքի համար: 

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին եւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը` Նորին Սրբութիւնն իր մտահոգութիւնը յայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրաւունքի դէմ նոր ոտնձգութիւնների եւ դրանց հետեւանքով ստեղծուած հումանիտար աղէտի առնչութեամբ: Հայոց Հայրապետը կարեւոր նկատեց միջազգային հանրութեան հետեւողական գործուն քայլերը Լաչինի միջանցքի վերաբացման ուղղութեամբ: 

Իր խօսքում խմբի նախագահ Բերենիսէ Խուարես Նաւառատեն կարեւորեց  ջանքերի գործադրումը յանուն տարածաշրջանում խաղաղութեան հաստատման եւ ապահով կեանքի իրաւունքի պաշտպանութեան: 

Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաեւ տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռի կողմից Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ յայտնուած տարածքներում Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան եւ Լաչինի միջանցքի վերաբացման ուղղութեամբ տարուող աշխատանքների վերաբերեալ: