image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտուայի Հանրապետութեան նախագահը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտուայի Հանրապետութեան նախագահը

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Լիտուայի Հանրապետութեան նախագահ Գիտանաս Նաուսեդային: 

Հանդիպմանը ներկայ էին ՀՀ առողջապահութեան նախարար Անահիտ Աւանեսեանը եւ երկու երկրների դեսպանները: 

Նորին Սրբութիւնը ողջունեց Լիտուայի նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա ներկայացրեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ արձանագրեց, որ երկու երկրների միջեւ շարունակում են զօրանալ եւ ամրապնդուել բարեկամական կապերն ու փոխգործակցութիւնը: 

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին` Նորին Սրբութիւնն իր մտահոգութիւնն արտայայտեց Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակուող ոտնձգութիւնների, վերջինիս վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման փաստերի առնչութեամբ` Ադրբեջանի որդեգրած այդ դատապարտելի քաղաքականութեան կանխման եւ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կեանքի իրաւունքի պաշտպանութեան հարցում անհրաժեշտ եւ կարեւոր նկատելով նաեւ միջազգային հանրութեան կողմից հետեւողական ջանքերի գործադրումը: 

Իր հերթին Լիտուայի Հանրապետութեան նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհակալութիւն յայտնեց Նորին Սրբութեանը ջերմ ընդունելութեան համար` անդրադարձ կատարելով երկու երկրների եւ ժողովուրդների կեանքում Եկեղեցիների եւ քրիստոնէական հաւատի դերակատարութեանը: Նախագահը նաեւ կարեւորեց ջանքերի ներդրումը տարածաշրջանում խաղաղութեան  եւ կայունութեան հաստատմանն ի նպաստ: 

Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր երախտագիտութիւնը յայտնեց ի դէմս նախագահի Լիտուայի իշխանութիւններին արցախեան պատերազմի ընթացքում եւ յետպատերազմեայ շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցութեան, ինչպէս նաեւ Լիտուայի հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Խօսելով ներկայիս երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրաւէրների մասին` Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ հայ ժողովուրդը Աստծոյ ողորմութեամբ եւ իր ամուր հաւատով ու հաստատակամութեամբ կյաղթահարի այս ծանր փորձութիւնը եւ առկայ բոլոր դժուարութիւնները: