Աղտամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու, այդ ճանապարհը չօգտագործելու յստակ որոշում կայ։ Այս մասին 30 օգոստոսին կայացած ասուլիսի ժամանակ յայտարարած է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը։
«Անցած երեք շաբաթներին քննարկումներ են եղել, եւ Արցախի իշխանութիւնների քննարկումները միայն յանգել են այն փաստին, որ այդ ճանապարհի գործարկումը մեզ համար անընդունելի է։ Մենք ունենք մէկ ճանապարհ, որը կոչւում է Լաչինի միջանցք։ Այդ միջանցքով թէ Արցախից Հայաստան, թէ Հայաստանից Արցախ անխափան երթեւեկութիւնը պէտք է վերականգնուի։ Սա ամրագրաուած է նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,-ըսած է ան:
Դաւիթ Իշխանեանի խօսքով՝ Կարմիր մահիկի միջոցով մարդասիրական բեռ ուղարկելով, Ատրպէյճան կը փորձէ Կարմիր խաչը դուրս մղել Արցախէն։
«Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում եւ փորձում է աշխարհին ցոյց տալ, որ իրենց կողմից բոլոր հնարաւոր քայլերն արւում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար։ Կայ եւս մէկ նրբութիւն, Ադրբեջանը փորձում է իր Կարմիր մահիկի միջոցով Արցախից դուրս մղել Կարմիր խաչի գրասենեակը, իսկ միջազգային այդ կառոյցի ներկայութիւնը մեզ համար առաւելութիւն է»,- նշած է Արցախի Ազգային Ժողովի նախագահը։