image

27 գիտական դրամաշնորհ, յուրաքանչյուրը՝ 5000 դոլար

27 գիտական դրամաշնորհ, յուրաքանչյուրը՝ 5000 դոլար

Երեւանում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ANSEF-ի հետազոտական խորհուրդն 2022 թ-ին ներկայացված 139 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 27-ը։ Ընտրված 27 դրամաշնորհներից 2-ը ֆինանսավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գիտության կոմիտեի եւ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կողմից։ 27 գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականներ են։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՕՖ-ի ներկայացուցիչը նշել է, որ 13 դրամաշնորհ ստացել են կենսաբանության ոլորտում աշխատող գիտական խմբերը, 2 դրամաշնորհ՝ քիմիայի ոլորտում, 2-ական՝ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի եւ կենդանաբանության: Մինչ օրս Հայ օգնության ֆոնդի դրամաշնորհների բյուջեն կազմել է 2 միլիոն 835 հազար ԱՄՆ դոլար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ասաց. «Այսօր միակ հնարավորությունը դիմակայելու գոյութենական մարտահրավերներին գիտատեխնոլոգիական արդիականացումն է, որով պետք է տոգորված լինեն մեր գործունեության բոլոր ոլորտները: Այս առումով գիտնականները հանդիսանում են մեր հասարակության ամենակարեւոր մարդիկ, իսկ ANSEF-ն այն բացառիկ կառույցներից է, որը ցույց է տալիս մշակութային զարգացման այն փիլիսոփայական ուղղությունը, որով մենք պետք է շարժվենք: Արդեն 22 տարի ANSEF-ը ցույց է տալիս Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման իրական օրինակ, ընդ որում՝ բարձրագույն մակարդակով, քանի որ ANSEF-ի փորձագիտական խմբում ներառված են առաջատար գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ: Ես կոչ եմ անում մեր գիտնականներին՝ աջակցեք ANSEF-ին, եղեք ակտիվ, ձեր ձայնը լսելի դարձրեք հանրությանը, կառավարությանը, իշխանություններին: Ձեզանից պետք է դուրս գա այն լույսը, որով պետք է լուսավորվի ողջ հանրությունը: Ես մաղթում եմ ձեզ դրական, բացառիկ կարեւոր աշխատանք, հաջողություններ ամենաբարձր գիտական մակարդակներում»:

2013 թ-ից սկսած ANSEF-ն արդյունավետ կերպով համագործակցում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հետ: ԵԳԱԾ-ի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամ Հայկ Զաքարյանը նշեց. «Մեր համագործակցության հիմնական նպատակն է ցույց տալ եւ ոգեւորել երիտասարդներին դիմել ANSEF-ին: Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մենք հասել ենք մեր նպատակին»:

22 տարիների ընթացքում ANSEF-ի կողմից դրամաշնորհներ են ստացել 567 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2100 գիտնական: