Դու դարձար տասնհինգ տարեկան…
Շնորհավորանքները բազմաթիվ են ու բազմապիսի: Խոսքերը դուրս են հորդում սրտի խորքից, և ուրախանում են բոլորը, քանզի քո տասնհինգամյակը մեր բոլորի հաղթանակն է…
Ծնվեցիր 2001 թվականին բնության մի գողտրիկ անկյունում՝ Հրազդան գետի ափին: Քչերն էին հավատում, որ դու կապրես ու կհաղթես: Ապրեցիր, քանզի ժամանակաշրջանն էլ էր դա պահանջում… Երկրում ունեինք շատ ընտանիքներ, որոնց հայրերը զոհվել էին արցախյան պատերազմում, կամ աշխատանքի որոնման ուղին նրանց հասցրել էր արտերկիր՝ իրենց որդիներին թողնելով առանց հայր ծնողի շատ կարևոր դաստիարակության: Դու քո գիրկը ժողովեցիր բոլորին, որպեսզի լրացնես այդ օղակը, ինչը պակասում էր շատ ընտանիքներում:
Դժվարին էր քո գոյության ուղին… Զավակներիդ զինվորական գործ ու խրոխտ քայլք էիր սովորեցնում հողոտ, ցեխոտ շարահրապարակում. զորանոցին փոխարինում էին սկզբում վրանները, հետո՝ փայտե տնակները, բայց ոչ ոք չէր տրտնջում, քանզի բոլորս մեր օջախում էինք. հավատում էինք, որ մեզ էլ մի օր կժպտա հաջողությունը…
Նախ զավակներիդ օծեցիր հայկազուն՝ Հայկա զարմի հետնորդ, օծեցիր գինով ու հացով, ինչպես մեր էպոսի դյուցազուններին: Չէ՞ որ նրանք պետք է հաստատեն արդարության ու խաղաղության մեր ապագան: Հետո կրթեցիր ու դաստիարակեցիր՝ տալով այնպիսի գիտելիքներ, որ իրենց ուսումը շարունակեն այլ բարձրագույն ռազմական հաստատություններում: Իսկ նրանք, ովքեր ծառայության են անցնում բանակում, միշտ արժանանում են հրամանատարության գովասանքին ու խրախուսանքին:
Մի՞թե դա հաղթանակ չէ…
Ու դու՝ ի՛մ սիրելի կրթօջախ, կանգ չես առնում: Տարեցտարի քայլերդ դառնում են ավելի վստահ, խրոխտ ու կայուն: Երբ 2011 թվականին տոնեցինք քո տասնամյակը, արդեն իսկ հասուն պատանի էիր, չնայած քո տարիքին: Լինելով տասնամյա պատանի ՝ մարտահրավեր էիր նետում ժամանակին, որը կանգնել չգիտի…
Շատ ջրեր են հոսել. ունեցել ես վայրէջքներ, բայց նաև բազում վերելքներ… Հպարտանում ես քո բոլոր հայկազուններով, որոնցից երկուսն արժանացել են «Արիության մեդալի» Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, իսկ հայկազուններիցդ մեկը պարգևատրվել է հետմահու: Հերոսացած հայկազունդ մարտի գնալուց օրեր առաջ գրել էր իր դասղեկին. «Միշտ այդպես ուղիղ պահեք Ձեր գիտության առագաստները, քանզի դրանք են մեզ ուղղում դեպի հերոսություններ»: Ավագ հայկազուն Մոնթե Եղոյան…
Մի՞ թե այս խոսքերը հաղթող հայկազունի խոսքեր չեն…
Ճիշտ է ասված «Ով հայկազուն է մեկ անգամ, հայկազուն է ընդմիշտ»: Երևի դա է պատճառը, որ զավակներդ, ավարտելով կրթօջախը, երբեք չեն մոռանում քեզ և հաճախ այցի են գալիս, ինչպես իրենց հայրական տուն կգային…
Այժմ ունես մասնաշենքեր, սպորտհրապարակներ, կրակադաշտ, ուր ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում շուրջ 290 հայկազուն , որոնք քո գիրկն են եկել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, Արցախից, նաև սփյուռքից, մասնավորապես՝ Ջավախքից: Նրանք տարբեր ընտանիքներից են, տարբեր սոցիալական խմբերից, բայց բոլորին համախմբում է մի բան՝ դառնալ արժանի զավակը մեր ազգի: Եվ այդ ճանապարհին իրենց մեծ գործն են կատարում հայրենանվեր մանկավարժներն ու սպաները: Կրթելով ու դաստիարակելով արժանավոր հայկազուններ՝ նրանք յուրովի են կերտում մեր երկրի ապագան:
Ի՛մ սիրելի Փոքր Մհեր, դու արդեն տասնհինգամյա պատանի ես, դեռ ճանապարհներ ունես անցնելու, որոնք դյուրին չեն լինելու, ցանկանում եմ արծվի բարձր թռիչք, իմաստություն, առյուծի ուժ ու զորություն հաղթանակներով լի քո ճանապարհներին:
Նարինե Առաքելյան
Փոքր Մհեր» կրթահամալիրի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի