Վերջին օրերին ամենաքննարկվող թեման թերևս Ֆրանսիայի նախագահական ընտրություններն էին, որի արդյունքում հաղթեց Էմանուել Մակրոնը: Այս առիթով «Արևելք»-ը կապ է հաստատել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող մարմնի (CCAF) փոխնախագահ Էլյան Կազանչյանի հետ, որի հետ զրուցել ենք թեմայի եւ ընտրության արդյունքի շուրջ հայության տեսակետի մասին:
-Տիկի՛ն Կազանչյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Մակրոնի ընտրվելը:
-Շատ ուրախ եմ, որ պարոն Մակրոնը ընտրվեց Ֆրանսիայի նախագահ: Անկարելի էր, որ այլ մարդ զբաղեցներ այդ պաշտոնը:
-Ինչու՞:
-Նախագահի մյուս թեկնածուն՝ Մարի Լը Պենը, կտրուկ դիրքորոշում էր որդեգրել գաղթականների նկատմամբ: Սա բավականին մեծ խնդիրներ կարող էր առաջացնել գաղթականների, այդ թվում նաև՝ հայերի համար: Սա է թերևս գլխավոր պատճառը:
-Ձեր կարծիքով՝ ֆրանսիացիներն այս ընտրությամբ ի՞նչ էին ցանկանում ասել:
-Մարի Լը Պենը Ֆաշիստ է. նրա անունը փոխված է: Մեզ համար պարզ էր նրա դիրքորոշումը, և մենք գիտեինք դրա հիմքը: Անկարելի էր թույլ տալ, որ նա դառնար նախագահ:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ Մակրոնի ընտրությունը հայության համար ինչպիսի՞ն կլինի:
-Հույս ունեմ, որ կկարողանանք առավել լավ ներկայացնել հայ ժողովրդին, և նա հայանպաստ գործունեություն կծավալի:
-Ֆրանսիայի նախագահները հայությանը միշտ սին խոստումներ են տալիս: Այս կապակցությամբ Ձեր տեսակետը ինչպիսի՞ն է:
-Արդեն քանի տարի է՝ Ֆրանսիան, նախագահի մասշտաբով, ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ մենք պետք է ավելի հետևողական լինենք և ներկայացնենք՝ ով է հայը:
-Ի՞նչ եք կարծում՝ Ֆրանսիայի ողջ հայությունն իր ձայնը Մակրոնի՞ն է տվել:
-Գլոբալ առումով դժվար է ասել: Իմ շրջապատում, համենայն դեպս, բոլորը իրենց ձայնը Մակրոնին են տվել: