Ֆրանսիայի Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկը` L'Alexandrin-ը, (www.lalexandrin.fr) պատկանում է հայ ձեռնարկատեր, խոհարար Ալեն Ալեքսանյանին, ով այն հիմնել է 1986-ին, եւ որն այժմ ոչ միայն Լիոնի, այլեւ Ֆրանսիայի նշանավոր ռեստորաններից մեկն է: Օգոստոսի 28-ին Ալեն Ալեքսանյանը ԼՈՖԹ ակումբում կանցկացնի խոհարարության վարպետության դաս: Իսկ մինչ այդ, Ալեն Ալեքսանյանն անցյալ շաբաթ մասնակցել է Բերդի Մեղրի եւ հատապտուղների փառատոնին, որտեղ նույնպես վարպետության դաս է անցկացրել փառատոնի մասնակիցների համար: Ինչպես «Արեւելք»-ին հայտնեց հայտնի խոհարարը`Հայաստանի ուտելիքներն ու մթերքներն անկրկնելի են, բայց նրանց պակասում է ինչ-որ մի համ, եւ ինքը այդ համն է, որ փորձում է ներմուծել հայկական մթերքներով պատրաստված ուտելիքների, հատկապես հյութերի, թեյերի եւ մուրաբաների մեջ: Ալեն Ալեքսանյանն աշխատում է հատկապես Լոռու մարզի գյուղաբնակ կանանց եւ ձեռնարկատերերի հետ` սովորեցնելով ինչպես իրենց արտադրանքն ու ուտելիքները դարձնել շուկայի համար ավելի գրավիչ: Ինչպես հայտնեց նա, իր խորհուրդներով պատրաստված որոշ հյութեր արդեն Հայաստանից արտահանվում են Ֆրանսիա: Խոհարարը նախապատրաստական աշխատանքներ է տարել նաեւ սեպտեմբերին կայանալիք «Օձունի գանձերը» փառատոնի մասնակիցների հետ: Նա Լիոն է մեկնելու օգոստոսի 30-ին:
Ի դեպ, Ալեն Ալեքսանյանն ունի իր կայքը`www.alainalexanianconsulting.com, որտեղ հաճախ է հանդես գալիս բաղադրատոմսերով եւ խորհուրդներով: