Գերմանական Բուխհոլց քաղաքում, որ տեղակայված է Համբուրգից 20 կմ հարավ, շուտով ծխախոտի ֆաբրիկա է կառուցվելու: Սեփականատերը Հայաստանի գործարարներից է,- գրում է Ազգ թերթի թղթակից Անահիտ Հովսեփյանը` Գերմանիայից: Թղթակիցը իբրեւ աղբյուր է նշում գերմանական «Համբուրգեր աբենթբլաթ» թերթը, որը օգոստոսի վերջին գրել է, թե տեւական ժամանակ Բուխհոլցը խնդիրներ է ունեցել` գործարարների շրջանում արդյունաբերական իր տարածքների հանդեպ հետաքրքրություն արթնացնելու առումով, ինչն այժմ նրան հաջողվել է` շնորհիվ հայաստանցի մի գործարարի, ով մոտ 6 հեկտար տարածքը գնել է շուրջ 4,3 միլիոն եվրոյով: Պայմանագրերը վերջերս են կնքվել, իրազեկում է թերթը, նշելով, որ թե' եվրոպական շուկայի համար արտադրվելիք ծխախոտի ընկերության, թե' գործարարի անունը Բուխհոլցում դեռ ծածուկ են պահում:
Հայերը 18 ամիս ժամանակ ունեն նորակառույցը նախագծելու համար, տեղեկանում ենք վերոհիշյալ աղբյուրից: Պայմանագրում նշված է, թե շինարարության արտոնությունը առկա կլինի 2017- ի կեսերին: Առաջին հերթին արտադրական հոսքագիծը պիտի պատրաստվի: Նախնական այս աշխատանքի համար քաղաքային իշխանությունները հաշվարկում են, թե մինչեւ 70 աշխատատեղ կստեղծվի: «Շատ ուրախ ենք, որ վերելակների արտադրությանը զուգահեռ հաջողել ենք գտնել նաեւ միջազգային մեկ այլ արտադրողի, սա վկայում է, որ Բուխհոլցը գերազանց ենթակառուցվածքների շնորհիվ գրավիչ վայր է», ասել է քաղաքագլուխ Յան Հենդրիկ Ռյոհզեն: