Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Տավուշից պատասխանեց «Արեւելքի» հարցերին: Հարցազրույցի ժամանակ փորձագետը խոսում էր այդ պահին տիրող հանգիստ վիճակի մասին, սակայն հարցազրույցից հետո Ադրբեջանը, ինչպես տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառեց հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ Չինարիում ադրբեջանական Անօդաչու թռչող սարքի հարվածից բնակիչ է վիրավորվել:
-Այս պահին սահմանային գոտում տիրող հարաբերական հանգիստ վիճակն ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Շուրջ 24 ժամ հարաբերական անդորրը պահպանվել է, ինչին Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում գտնվելիս ականատես եմ եղել նաև ինքս։ Այս իրավիճակը հաջորդել է բավականին ակտիվ փուլի, երբ Ադրբեջանը կրեց բավականին ծանր կորուստներ։ Կարծում եմ առաջին հերթին ադրբեջանական կողմը, հասկանալով որ այս պահին իր ցանկացած քայլ բերում է ավելի մեծ կորուստների, որոշեց ժամանակավորապես դադարեցնել սադրանքները։ Դժվար է պնդել թե սա որքա՞ն կշարունակվի։ Սակայն վստահաբար կարող ենք ասել, որ հետագայում Ադրբեջանը ևս կփորձի սահմանի տարբեր հատվածներում ռազմական սադրանքներ իրականացնել՝ ջանալով վերականգնել իր խարխլված հեղինակությունը։ Սակայն ՀՀ բանակի գործողությունները ցույց տվեցին, որ հայկական զինուժը այսօր պատրաստ է ոչ միայն դիմագրավելու, այլ նաև շատ լուրջ վնաս պատճառելու ագրեսիան նախաձեռնող կողմի բանակին։
-Ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել հայկական կողմի ձեռք բերած դիրքի մասին, այն ինչ-որ բան փոխելո՞ւ է Տավուշի սահմանային այդ հատվածի առումով:
-Առայժմ չէի ցանկանա մեկնաբանել այս հարցը՝ հաշվի առնելով, որ դեռևս վերջնական հրադադարի պայմանավորվածություն չկա, և ակտիվ գործողություներ դեռևս կարող են լինել։ Թերևս որոշ ժամանակ անց հնարավոր կլինի ամփոփել արդյունքները։ Սակայն դիտարկումները հստակ ցույց են տալիս, որ հայկական բանակը բոլոր առումներով առավելություն ունի։
-Ի՞նչ մեկնաբանություն կանեք Ադրբեջանի ներքին զարգացումների մասին. ցույցերից բացի, ըստ երևույթին, այնտեղ կա նաև ներքաղաքական օրակարգ:
Այս ձախողումը Ադրբեջանում լուրջ շոկային իրավիճակ է առաջացրել։ Բնակչության շրջանում նաև նկատվում է ակնհայտ բողոքի ալիք՝ իշխանությունների դեմ։ Փորձելով խուսափել իր համար վատ զարգացումներից՝ Ադրբեջանի նախագահը ողջ մեղքը բարդեց արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վրա։ Մյուս կողմից կեղծ տեղեկատվության միջոցով այդ երկրի իշխանությունները փորձում են իրականության հետ աղերս չունեցող պատկեր ձևավորել։ Առայժմ սա ստացվում է, սակայն ցանկացած պահի իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, եթե Ադրբեջանը նմանատիպ ևս մեկ կորուստ ունենա։ Ինչ վերաբերում է ցույցերին, ապա դրանք, կարելի է ասել, առնվազն խրախուսվել էին իշխանությունների կողմից, սակայն չընթացան իրենց ցանկացած սցենարով։ Ըստ այդմ Ադրբեջանի նախագահը հուլիսի 15-ին հայտարարեց, թե ցուցարարների մեջ կային սադրիչներ, կեղծ հայրենասերներ, փողոցային հերոսներ և այլն։ Կարևոր է նաև, որ փորձելով պահպանել իր դեմքը՝ վերջինս նշեց, թե չնայած այդքան խոսելուն, ընդամենը 150 մարդ է դիմել զինվորական կոմիսարիատներ զորակոչվելու համար։ Փաստացի Իլհամ Ալիևը խոստովանեց, որ իրենց այդ երկրի բնակչության մեծ մասը վախենում է, կամ պատրաստ չէ պատերազմի։
-Այս բոլորից հետո լայնածավալ մասշտաբային ռազմական գործողությունների հավանականություն կա՞:
-Հավանականությունը միշտ պահպանվում է։ Բացառել հնարավոր չէ երբեք նման զարգացման հնարավորությունը։ Սակայն այս պահին կարծում եմ՝ դա քիչ հավանական է: Ադրբեջանական կողմը այս գործողության ձախողումը ի նկատի ունենալով չի կարող այս պահին ավելի մեծ ռիսկի դիմել։
-Ինչ տվեց մեզ այս վերջին 4-5 օրերի թարմ փորձը: Նոր էջ բացվե՞ց Հայաստան- Ադրբեջան-Արցախ մեծ հակամարտության կոնտեքստում: Ի՞նչ պատգամներ ստացանք վերջին զարգացումներից:
Կարծում եմ գլխավոր հետևությունն այն է, որ Ադրբեջանի հետ արդյունավետ կարելի է խոսել միայն ուժի լեզվով։ Ըստ այդմ, հակամարտության կարգավորման հարցում կարևորագույն գործոններն են՝ մարտունակ բանակը և զարգացող տնտեսությունը։ Անկախ ցանկացած պայմանավորվածությունից՝ Ադրբեջանը հարմար առիթի դեպքում կդիմի ռազմական ագրեսիայի, ինչին պետք է մշտապես պատրաստ լինել, այդ թվում անհրաժեշտության դեպքում նախահարձակ/պրեվենտիվ գործողություններ իրականացնելով այն կանխելու համար։ Մյուս կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծումը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր հայատյաց քաղաքականությունից, և որ ցանկացած կարգավիճակում Ադրբեջանի իրավասության տակ հայտնվելու պարագայում հայի կյանքին և գույքին մշտապես վտանգ է սպառնալու։ Ըստ այդմ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը որևէ պարագայում զիջման ենթակա չի կարող լինել։