image
Հրատապ լուրեր:

Ընտրվել է Հայաստանի տարվա բառը

Ընտրվել է Հայաստանի տարվա բառը

Հայաստանի Լեզվի կոմիտեն ամփոփել է հայերենի 2022 թվականի «Տարվա բառ»-ն ընտրելու քվեարկությունը։ 

Ընտրության համար առաջարկվել էր12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։ 

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը): 

Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, և սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի։

Ուշագրավ է, որ առաջին տեղում գիտությանը, գիտական կյանքին առնչվող բառն է։

Երկրորդ տեղում ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ բառն է (16%):

Բանակաշինությունը բանակը ստեղծելու, ձևավորելու և մշտապես բարեփոխումներ իրականացնելու գործընթացն է։ Երկրորդ տեղը զբաղեցնելը զարմանալի չէ, քանի որ բառն արդիական է և հաճախադեպ։ 

Երրորդ տեղում ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառն է (11%): 

Ինքնիշխանությունը երկրում բարձրագույն իշխանության գերակայությունը և միջազգային հարաբերություններում այլ իշխանություններից բացարձակ անկախությունն է։ 

Բառը հատկապես այժմ հաճախադեպ է, քանի որ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ կարևոր է պահպանել ինքնիշխանությունը։

Ամենաշատ ձայներ հավաքած եռյակին հաջորդում են ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ (8%), ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ (7%), ԳՐՔԱՏՈՆ (7%), ՏԵՍԱԲԱՑԻԿ (6%) բառերը:

 

«Տարվա բառ» ընտրելն ու հրապարակելը զարգացած աշխարհում ավանդույթ դարձած իրողություն է։ Ամեն տարեվերջին հրապարակվում են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, իտալերենի և այլ լեզուների «Տարվա բառերը»։ Բառի ընտրությունը մեծ մասամբ կատարում են լեզվի բնագավառում աշխատող մասնագիտական խմբերը (լեզվաբաններ, բառարանագիրներ) կամ «բառարանասերների» համայնքը՝ հիմնվելով որոշակի չափանիշների վրա։ «Տարվա բառն» արտացոլում է տվյալ տարվա ընթացքում հասարակական կյանքում կատարված առավել նկատելի իրադարձություն(ներ)ը։