image

Թեհրանում փողոց է անվանակոչվել հայ նահատակի անունով

Թեհրանում փողոց է անվանակոչվել հայ նահատակի անունով

Հունվարի 5-ին Թեհրանի քաղաքապետի ներկայությամբ  Թեհրանի  6-րդ  շրջանում գտնվող փողոցներից մեկը՝ Միրզայե Շիրազի և Սանայի փողոցները իրար կապող 19-րդ փողոցը կոչվել է Իրան-Իրաք պատերազմի  հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի անունով: 

Parstoday-ը, վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության հայերեն ռադիոժամի տեղեկությունը, հայտնում է, որ  միջոցառմանը ներկա էին իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը, Թեհրանի ազգային առաջնորդարանի թեմական խորհրդի ներկայացուցիչներ, Թեհրանի քաղաքապետն ու քաղաքապետարանի մի շարք պաշտոնատարներ, նահատակների հիմնադրամի պաշտոնատարներ և մի խումբ քաղաքացիներ:

Շնորհավորելով Ամանորի և Քրիստոսի ծննդյան կապակցությամբ, Թեհրանի քաղաքապետ դկտ. Հանաչին նշել է, որ փողոցների անունները նահատակների, հատկապես փոքրամասնությունների, այդ թվում հայ նահատակների անունով կոչելը լավ հնարավորություն է՝ Իրան-Իրաք պատերազմի սրբազան պաշտպանության արժեքները վառ պահելու համար:

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Թուրաջ Ֆարհադին ասել է. «Նոր տարուց շուրջ մեկ ամիս առաջ, թաղամասում աշխատանքներ էին տարվում հայերի համար ամանորի տրամադրություն ստեղծելու ուղղությամբ»: