image

Ռուբէն Վարդանեան իր ընտանիքի անդամներուն հետ այցելած է Ասկերան

Ռուբէն Վարդանեան իր ընտանիքի անդամներուն հետ այցելած է Ասկերան

Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեան կնոջ եւ կրտսեր որդիին հետ այցելած է Աստղաշէն ու դիմատետրեան իր էջին բաժնեկցած է տպաւորութիւններով։

Գրառումը կը ներկայացնենք ստորեւ․

«Արցախն իսկապէս հրաշքներով լի է: Ասկերանի շրջանի Աստղաշէն համայնքն էլ դրանցից մէկն է՝ բնութեան իր իւրօրինակ զարդերով ու պարարտ հողով: Ուրախ եմ, որ կարողանում եմ ընտանիքիս ծանօթացնել իմ հայրենիքի ամենասիրուն անկիւններին ու այդտեղ ապրող մարդկանց հետ: Պատերազմից յետոյ էլ մարդիկ շարունակում են իրենց ապագան կառուցել Արցախում՝ իրենց հողի վրայ:

Կնոջս՝ Վերոնիքայի ու կրտսեր որդուս՝ Կէորկիի հետ, օրեր առաջ Աստղաշէնում էինք: Եղանք պատերազմից յետոյ հիմնուած արքայանարինջի այգում: Գործարար-ներդրող Արման Յակոբջանեանը (ով հիմա իմ թիմում է) այգին հիմնել է՝ ցոյց տալով իր հողի վրայ ապրելու ու կեանքը Արցախում շարունակելու հայի կամքն ու վճռականութիւնը:

Քսան հեքթար զբաղեցնող այգին հիմնուել եւ մշակւում է ժամանակակից գիւղատնտեսական բոլոր ստանդարտներին (չափանիշերուն) համապատասխան, ապահովուած է ոռոգման կաթիլային համակարգով: Մի քանի տարի յետոյ արդէն այս այգուց առատ բերք կը հաւաքեն, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն աշխատատեղեր կը ստեղծուեն յարակից համայնքերի բնակիչների համար, այլեւ արցախեան որակեալ արտադրանքը կ'արտահանուի միջազգային շուկայ:

Արցախում ներդրումները շարունակուելու են: Եւ ես աջակցութիւն եմ ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում: Մենք իրական հնարաւորութիւն ունենք Արցախը դարձնելու կեանքի համար լաւագոյն վայրը տարածաշրջանում»: