Գործարար Ռուբէն Վարդանեան դիմատետրեան գրառում կատարած է, որուն մէջ նշուած է, որ պատրաստ է ընդունելու Արցախի պետական նախարարի պաշտօնն ստանձնելու առաջարկը, եթէ իրենց կողմէ առաջարկուելիք մօտեցումներն ու որոշումները լայն աջակցութիւն ունենան: Գրառման մէջ ըսուած է․
«Արցախի նախագահից պետնախարարի պաշտօնն ստանձնելու առաջարկ եմ ստացել:
Արցախի փրկութիւնն այսօր իմ կեանքի գլխաւոր նպատակն է: Ես տեղափոխուեցի այստեղ, որպէսզի իմ հայրենակիցների հետ ամէն ինչ անեմ յանուն հայկական քաղաքակրթութեան այս բնօրրանի պահպանման ու զարգացման: Այսօր վտանգուած է Արցախի գոյութիւնը: Մենք հայերս մեր երկրորդ Սարդարապատն ենք ապրում, քանի որ զոհասեղանին, որպէս ազգ, մեր ապագան է դրուած:
Այս աննախադէպ իրավիճակում բոլորիցս ոչ հեշտ լուծումներ են պահանջւում: Մենք պէտք է մոռանանք անձնական վիրաւորանքներն ու յաւակնութիւնները եւ համախմբենք բոլոր առողջ ուժերին ինչպէս Արցախում, այնպէս էլ ողջ հայկական աշխարհում՝ յստակ գիտակցելով մեր առջեւ ծառացած մարտահրաւէրների լրջութիւնը:
Ուշադրութեամբ ծանօթացել եմ նախագահի առաջարկին: Պատրաստ կը լինեմ դա ընդունել այն դէպքում, եթէ մեր կողմից առաջարկուելիք մօտեցումներն ու որոշումները լայն աջակցութիւն ունենան:
Ես պէտք է համոզուած լինեմ, որ մարդիկ ընդունում են իրավիճակի վերաբերեալ իմ տեսլականը, որ մենք պատրաստ ենք միասին յաղթահարել բոլոր այն դժուարութիւնները, որոնք լինելու են մեր նպատակին հասնելու ճանապարհին: Միայն այդ դէպքում իմ նշանակումն իմաստ կ'ունենայ:
Առաջիկայ օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից յետոյ կը կարողանամ պատասխանատու որոշում ընդունել»:
Յիշեցնենք, որ աւելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան յայտնած էր, որ Ռուբէն Վարդանեանին առաջարկած է Արցախի պետական նախարարի պաշտօնը։