Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչները 5 Օգոստոսին տեսակցեցան 29 Յուլիսին, ատրպէյճանցիներուն կողմէ առեւանգուած Արցախի բնակիչին՝ 68ամեայ Վագիֆ Խաչատրեանի հետ:
«Արմէնփրէս»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին այս մասին յայտնեց Հայաստանի մէջ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) պատուիրակութեան հաղորդակցութեան ծրագիրներու ղեկավար Զառա Ամատունի:
«Օգոստոսի 5ին մեր պատուիրակները Բաքւում կրկին անգամ տեսակցել են Ադրբեջանի կողմից ձերբակալուած Վագիֆ Խաչատրեանին: Ընտանիքի հետ կապի հնարաւորութիւն նամակի տեսքով տրուել է, որից քաղաքացին օգտուել է: Այլ հարցերով տեղեկատուութիւնը փակ է, այլ բան այս պահին չեմ կարող նշել», յայտնեց ան:
«Նիուզ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին Խաչատրեանի դուստրը՝ Վերա Խաչատրեան, ըսաւ հետեւեալը. «Մենք հնարաւորինս պայքարում ենք, որպէսզի կարողանանք հայրիկիս ետ բերել: Ասացին՝ դեղեր է խմում իբր թէ բուժման համար: Բայց իր հիւանդութիւնը բուժելի հիանդութիւն չէ, այլ վիրահատական է: Կարմիր Խաչից երկտող են փոխանցել, որում գրուած է՝ «Լաւ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղութիւն լինի, կը գամ»: