Օրեր առաջ գրած էինք Լոս Անճըլըսի մէջ գործող Պոլսահայոց Միութեան ամէնամեայ միջոցառման մասին, որու աւարտին հերթականին պէս միութեան «Հրանդ Տինք»ի անուան մրցանակը տրուած է Պոլսոյ «Արաս» հրատարակչատան հիմնադիրներէն՝ Տիար Եդուարդ Թովմասեանին։
Ստորեւ մեր ընթերցողներուն կը ներկայացնենք այդ միջոցառման մանրամասն թղթակցութիւնը, որ լոյս տեսած է Լոս Անճըլըսի մէջ հրապարակուող՝ «Ասպարէզ» պարբերականին մէջ։
Հրանդ Տինքի նահատակութեան առիթով, Պոլսահայ միութեան կողմից հայազգի գործչի յիշատակի առիթով կազմակերպուող ձեռնարկն աւանդոյթ է դարձել: Յունուարի 21ին, Միութեան Լոս Անջելեսի կենտրոնում հաւաքուել էին կրթական, հոգեւոր, իրաւական, մշակութային ոլորտի գործիչներ, մտաւորականներ` յիշելու Հրանդ Տինքի գործունէութեան առանցքային դրուագները, անդրադառնալու նրա գաղափարներին ու դրանց արդիականութեանը: Ձեռնարկի բացման խօսքում, Պոլսահայ միութեան մշակութային յանձնախմբի ատենապետ դոկտոր Յովհաննէս Գ. Աւետիքեանն ամփոփեց Հրանդ Տինքի առաքելութիւնն ու ընդգծեց նրա գործի նշանակութիւնը:
Այնուհետեւ, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմից Ղեւոնդ քհնյ. Քիրազեանն ու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմից Գէորգ քհնյ. Աբեանը աղօթեցին եւ հոգեհանգստեան կարգ մատուցեցին: «17 տարի առաջ, հայ հասարակութիւնն ի դէմս Հրանդ Տինքի կորցրեց իր լուսաւոր զաւակին: Բոլորը մեծ խոնարհութեամբ եւ հպարտութեամբ են յիշում մեծ հային, որովհետեւ մարդն իր կեանքը տուեց յանուն գաղափարի` միայնակ դէմ յանդիման կանգնելով պետութեան, կայսրութեան առաջ եւ բարձրաձայնելով հայ ժողովրդի արդարացի խօսքն ու պահանջը: Արդիւնքում` նա իր կեանքով հատուցեց, ինչը մեծ հերոսութիւն է», իր խօսքում նշեց Գէորգ քհնյ. Աբեանը` ընդգծելով, որ տխրութեան հետ մէկտեղ նաեւ հպարտութեան զգացումով եղել են ու կան նման հայեր` ինչպէս Հայաստանում, այնպէս եւ Սփիւռքում:
Ձեռնարկի հանդիսավար Ռոզալին Մատոյեանն իր խօսքում նշեց, որ 2007ի Յունուարի 19ին Տինքի սպանութեան դժոխային օրից յետոյ` «ապրում ենք գիտակցութեամբ, որ հայ ազգը, մասնաւորապէս պոլսահայ համայնքը, յաւէտ կորցրել է արժէքաւոր եւ վստահելի թիկունք»: Նա ներկայացրեց օրուայ բանախօսներից իրաւաբան Կարօ Ղազարեանին` նրան կոչելով պոլսահայ համայնքի պատուաւոր անդամ, քանզի ընկերոջ` Պոլսահայ միութեան նախկին ատենապետ, վաղամեռիկ Էդուին Մինասեանի յորդորով մշտապէս պոլսահայ համայնքի կողքին է:
Կարօ Ղազարեանը կիսուեց Հրանդ Տինքի մասին իր տպաւորութիւններով` նշելով, որ նա երախտապարտ մարդ էր, ով ապրում էր մի երկրում, որտեղ իր նախնիները սպաննուել էին մէկ դար առաջ` սակայն նրանց սերունդները շարունակել են բնակուել ու զարգանալ չնայած դժուարութիւններին, պահանջել արդարութիւն, եւ նրանցից մէկն էլ Տինքն էր:
«Այնուամենայնիւ, թուրքական հայատեաց ուժերը որոշեցին, որ պէտք է ցոյց տան Հրանդ Տինքին, որ իր գաղափարներով ու գործունէութեամբ «նա չափն անցել է»: Որոշեցին, որ վերջ են տալու Հրանդի կեանքին, եւ իրականացրեցին: Իսկ ի՞նչ էր նշանակում «չափն անցնել»: Դա այն էր, որ Տինքն իր հիմնած «Ակօս» թերթում բարձրաձայնում էր հայ համայնքի իրաւունքների մասին եւ հանդէս գալիս դրանցից բխող պահանջներով, արտայայտում էր իր տեսակէտը պատմութեան մասին, եւ այս ամէնն, իհարկէ, հակասում էր թուրքական պաշտօնական, պետական հայեցակարգին», նշեց Կարօ Ղազարեանը: Տինքն, ըստ բանախօսի, «անցաւ բոլոր սահմանները», երբ հրապարակեց «Սաբիհա Հաթունի Գաղտնիքը» խորագրով` Աթաթուրքի որդեգրած Սաբիհա Գէօքչենի մասին իր յօդուածը, որ ներկայացնում էր աղջկայ հայ ազգականների փաստացի վկայութիւններ առ այն, որ Աթաթուրքը նրան վերցրել էր հայկական որբանոցից` Խաթուն Սեպիլճեան ծննդեան անունով: Թուրքիայի առաջին կին ռազմական օդաչուն, ում անունով անուանակոչուած է նաեւ Թուրքիայի միջազգային օդանաւակայանը, ազգային խորհրդանիշ է համարւում, եւ յօդուածից յետոյ, Թուրքիայում նրա շուրջ սկիզբ առած համերկրային բանավէճը, այդ պետութեան կողմից համարուեց վիրաւորանք ազգային ամբողջականութեանը:
«Տինքի յօդուածը համարուեց թուրքական ինքնութեան նկատմամբ յարձակում, եւ հայազգի գործիչը դարձաւ թիրախ: Մինչդեռ, Հրանդն ասում էր. «Այո, մենք` հայերս, այս հողերի վրայ աչք ունենք` բայց մի կարծէք, որ պիտի գանք եւ այս հողերը շալկենք տանենք: Մենք պիտի գանք եւ այս հողերի տակ մտնենք: Եւ նա մարգարէացաւ», նշեց Ղազարեանը` ասելով, որ թէեւ Տինքը ֆիզիկապէս մեր հետ չէ, սակայն նրա կեանքն օրինակ է նրանց համար, ովքեր ցանկանում են շարունակել մեր ազգային պայքարը, որ այսօր բազմաթիւ ուղղութիւններով է: Մարտահրաւէրների թւում նա նշեց 120,000 ունեզրկուած եւ տեղահանուած արցախահայութեանն աջակցութեան խնդիրը, Սիւնիքին սպառնացող վտանգը, Երուսաղէմի հայկական թաղամասի հարցը, Բաքուի բանտերում Ալիեւի բռնապետական վարչախմբի կողմից պատանդառուած մեր գերիների ճակատագիրը: «Որպէս ազգ, այսօրուայ մեր մարտահրաւէրը մեր հողերի վրայ աչք պահելն է, մեր հողերը վերադառնալու ցանկութիւնը, այս հողերի վրայ շարունակելու ապրելը եւ այս հողերում թաղուելը: Իսկ այդ հողերում թաղուելու համար նախ պէտք է ապրել այդ հողերում: Այսպիսով, ինքներդ ձեզ տուէք այն հիմնական հարցը, որն ինքն իրեն տուել եւ պատասխանել է Հրանդ Տինքն իր կեանքի ընթացքում եւ իր գործերով ու զոհողութիւններով եւ վերջապէս իր նահատակութեամբ` «որտե՞ղ եմ ուզում թաղուել», հռետորական հարցով իր խօսքն աւարտեց Ղազարեանը:
Իսկ որտե՞ղ էր Հրանդ Տինքը ստացել ազգայինի այն մեծ չափաբաժինը, որ եղաւ նրա առաքելութեան համար անհրաժեշտ աղբիւրը:Այս մասին հետաքրքիր տեղեկութիւններ ներկայացրեց Ամերիկայի Հայ աւետարանչական միութեան վարչութեան գործադիր տնօրէն, հասարակական գործիչ Զաւէն Խանճեանը` պատմելով մի դրուագ Տինքի պատանեկութիւնից. «Հրանդը թուրքական դպրոց էր յաճախում, որտեղ նա պէտք է ենթարկուէր աշակերտական ուխտին, եւ ասեր. «Ես թուրք եմ, եւ հպարտ եմ իմ թրքութեամբ»: Տինքը մերժում է սա ասել, եւ պատժւում է դրա համար, սակայն պարզաբանում. «Ես թուրք քաղաքացի եմ, բայց հայ եմ, թուրք չեմ»: Այս տարիքում նման բան ասելն ինքնին խօսուն վկայութիւնն էր իր ազգասիրութեան, հայրենասիրութեան, ազգի հանդէպ հաւատարմութեան»: Զաւէն Խանճեանն այնուհետեւ ներկայացրեց, թէ որտեղ է Տինքն իր ազգային, հոգեւոր դաստիարակութիւնը ստացել: «50ական թուականների վերջին, մէկ ուրիշ Հրանդ, ում մեր պատմաբաններից Խաչիկ Մուրատեանը կոչում է Հրանդից առաջ Հրանդը` Հրանդ Կիւզէլեան անունով մէկ այլ հերոս, ականատես լինելով իր հայրենակիցների նկատմամբ իրականացուած ոճիրներին, ուղիներ է փնտռում ինչ-որ կերպով աջակցելու վերապրած հայրենակիցներին: 1962 թուականին, նա որոշում է հաւաքել եւ կրթել հայ որբ երեխաներին, ովքեր կտրուելով արմատներից` ձուլման սպառնալիքի առաջ էին: Աւելի քան 1500 մանուկ ու պատանի են յաճախում նրա հիմնած` «Քեմփ Արմէն» կոչուող ամառային ճամբարը` ազգային եւ հոգեւոր կրթութիւն ստանալով այնտեղ: Այդ պատանիներից մէկն էլ Հրանդ Տինքն էր», պատմեց Զաւէն Խանճեանը:
Թուրքական իշխանութիւնների որոշմամբ, սակայն ճամբարը մի քանի տարի անց փակւում է: Հայ համայնքի յամառ ջանքերի շնորհիւ, տարածքը մի քանի տարի առաջ վերադարձուեց հայ համայնքին` ի դէմս Աւետարանչական եկեղեցու: Զաւէն Խանճեանը յայտարարեց, որ ներկայում աշխատանքներ են իրականացնում` վերականգնելու բացառիկ այս կառոյցը, որ բնոյթով միակն է Թուրքիայում, եւ կը ծառայի որպէս մշակութային, հոգեւոր կենտրոն հայ մանուկների ու պատանիների համար: Բանախօսը յորդորեց համայնքին միանալու իրենց առաքելութեանն ու ֆինանսական աջակցութիւն տրամադրելու` հնարաւորութիւն ստեղծելու նոր Հրանդ Տինքերի ծնունդի:
Ձեռնարկի յաջորդ բանախօսը Նորայր Տատուրեանն էր` կրթական, հասարակական գործիչ, Բլէր աւագ դպրոցի հայկական ակադեմիայի տնօրէնն ու ուսուցիչը, ով միաժամանակ Տինքի հիմնած «Ակօս» թերթի սիւնակագիր է, եւ եղել է Հրանդ Տինքի համահիմնադրած «Արաս» հրատարակչատան աշխատակիցը: Տատուրեանը հանդէս եկաւ «Հայ տպագիր գրքի ոդիսականը» խորագրով բանախօսութեամբ` սկսելով 1512 թուականին Վենետիկում տպագրուած հայալեզու առաջին` «Ուրբաթագրք»ի պատմութիւնից մինչեւ Եւրոպական տարբեր քաղաքներում, Շուշիում, Վանում ու Երեւանում տպագրուած գրքերից ու հրատարակչատների գործունէութիւնից: Տպագրութեան եւ թարգմանութեան հայկական աւանդոյթները շարունակելու տեսլականով էլ 1993 թուականին Պոլսում հիմնւում է «Արաս» հրատարակչատունը` դառնալով Սփիւռքում գործող բնոյթով բացառիկ կենտրոն:
Պոլսահայ միութիւնն իր ամէնամեայ` «Հրանդ Տինքի հոգու ազատութեան եւ արդարութեան շքանշան»ն այս տարի յանձնեց «Արաս» հրատարակչատանն ու տեսակապով միացաւ համահիմնադիր Էդուարդ Թովմասեանին: Երախտագիտութիւն յայտնելով պարգեւի համար, Թովմասեանը ներկայացրեց «Արաս»ի հիմնադրման պատմութիւնն ու գործունէութիւնը: ««Արաս» հրատարակչատունը ստեղծուեց չորս դպրեվանքցիների կողմից` հայոց պատմութիւնը, գիրն ու գրականութիւնը, մշակոյթը թարգմանաբար թուրք ժողովրդին իրական գոյներով ներկայացնելու եւ այդպիսով իրար ճանաչելու, երկխօսութիւնը հնարաւոր դարձնելու նպատակով», նշեց Թովմասեանը: Գործունէութեան երեսուն տարիների ընթացքում, հրատարակչատունը իրականացրել է հայերէնից թուրքերէն մեծաքանակ թարգմանութիւններ, հրատարակել շուրջ 300 գիրք` հայ գրականութեան, պատմութեան մասին, ինչպէս նաեւ` օտար հեղինակների, ովքեր ներկայացրել են հայ մշակոյթը:
Պոլսահայ միութիւնը շքանշանը յանձնեց Նորայր Տատուրեանին` որպէս կառոյցի առաջին աշխատակցի, ով խոստացաւ այն փոխանցել: Ձեռնարկի գեղարուեստական յայտագրում հանդէս եկաւ դուդուկահար Ալբերտ Վարդանեանը:
Պոլսահայ միութեան ամէնամեայ այս ձեռնարկը` անդամների ջանքերով, նաեւ իւրատեսակ առիթ է դարձել ծանօթանալու Թուրքիայի հայ համայնքի պատմութեանն ու կերտման գործում ներդրում ունեցած անհատներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ասպարէզ»