image

Միաժամանակ ապահով ու վտանգավոր Շվեդիան. Ինչպիսի՞ն են տրամադրությունները սիրիահայերի հանդեպ

Միաժամանակ ապահով ու վտանգավոր Շվեդիան. Ինչպիսի՞ն են տրամադրությունները սիրիահայերի հանդեպ

Սիրիահայ Եղիա Հակոբյանը պատերազմի սկզբին՝ դեռ 2012թ-ին է ընտանիքի հետ տեղափոխվել Շվեդիա, մի երկիր, որի հետ ամենշաբաթյա օդային չվերթներն ապահովված էին, և հնարավոր էր անհրաժեշտության դեպքում հասնել Սիրիա: Նա Սիրիայի Ղամիշլի քաղաքից է, հաստատվել է Ստոկհոլմից 33 կմ հեռավորության վրա գտնվող Շվեդիայի Սյոդերթելիե քաղաքում, այն հիմնականում բնակեցված է ղամիշլիահայերով:

 

Համայնքը, կարելի է ասել,  փոքր մոդելն է Շվեդիայի հայ գաղութի, անմասն չեն մնում երկրի զարգացումներին, ավելին, հաճախակի միջոցառումներ են կազմակերպում, հիշատակում Հայոց Ցեղասպանության տարելիցը, որոնց մասնակից են դառնում նաև շվեդ պաշտոնյաները:

 

Սիրիահայ գաղթականների համար Շվեդիան ևս հյուրընկալ երկիր դարձավ, սակայն վերջերս հայտնի դարձած դեպքը՝ Շվեդիայում հաստատված սիրիահայ երիտասարդի սպանությունը, որը հաջորդել էր փախստականների թեմայով բանավեճին, լուրջ մտորելու առիթ տվեց՝ արդյո՞ք եւրոպական երկրները ապահով ապաստան կարող են լինել ոչ իրենց մեղքով փախստական դարձած սիրիահայերի համար, և ի՞նչ սպառնալիքներ են կախված սիրիահայերի գլխին:

 

Եղիա Հակոբյանը, որ համայնքի ակտիվ ներկայացուցիչն է, ՀՄԸՄ-ի տեղի մասնաճյուղի ատենապետը, պարզ օրինակներով է ներկայացնում իրավիճակը՝ վստահեցնելով, որ ամենուր չէ, որ նույն վտանգները կան սիրիահայերի համար:

 

«Անցյալ տարի Հայ կենտրոնը որ բացեցինք, պետական մակարդակի վրա իրենց հրավիրեցինք, և շատ գոհ մնացին մեր ընդունելության, կազմակերպման համար, ամեն ինչ կատարյալ էր: Բացարձակ խտրականություն չկա, սիրալիր վերաբերմունք է, մեր քաղաքում կան ուրիշ փոքրամասնություններ՝ սիրիացիներ կամ ասորիներ, 30-40 հզր հոգիանոց գաղութ ունեն, եկեղեցի ունեն, բայց քաղաքական գործունեությամբ կազմակերպված չեն»,-նշում է Եղիա Հակոբյանը:

 

Նա հավաստիացնում է, որ հայ համայնքի հանդեպ դրական վերաբերմունք կա օտարազգիների կողմից, ոչ միայն այլ փոքրամասնությունների, այլ նաև տեղացիների: Իսկ նման ցավալի միջադեպերը, ըստ նրա,  եզակի են ու չեն խոսում ընդհանուր հասարակության տրամադրությունների մասին:

 

«Վերջին շրջանում ազգայնամոլական շարժում սկսվեց, շվեդական պառլամենտի մեջ իրենք պաշտոնական ներկայացված չեն, բայց իրենց գաղափարները տանող կուսակցություն կար, որ առաջ քիչ թվով համակիրներ ունեին, բայց հիմա բավական հետևորդներ ունեն, իրենք ուզում են խստացնել այն օրենքները, որ թույլատրում են օտարներին ընդունել, ուզում են  գաղթականության թիվը նվազեցնել, ժողովրդի մեծ մասը դեմ է այդ կուսակցության, ասում են, որ մեր երկիրը գաղթականներն են զարգացնողը»,-ներկայացնում է շվեդաբնակ սիրիահայը:

 

Ըստ նրա՝ հիմա նման ազգայնականների տրամադրությունները համեմատաբար փոխվել են, նախկինում շատ ավելի անհանդուրժող էին օտարազգիների նկատմամբ: «Մի շրջան եղավ Ստոկհոլմում, երբ սև մազերով մեկն անցնում էր, խփում էին իրեն, բայց սրանք եզակի դեպքեր են, չես կարող ընդհանրացնել, մենք որ իրենց հետ հարաբերվում ենք, սկզբում բոլորը մեկ աչքով էին նայում՝ հայ է, քրիստոնյա է, թե մուսուլման է, հիմա զգում են, որ հայն ու քրիստոնյան տարբերվում է: Թաքուն ընդունում են այդ հանգամանքը, բայց չեն բարձրաձայնում»,-ասում է նա:

 

Տեղի ունեցած դեպքը նա համարում է որոշակի շրջաններում տիրող տրամադրության հետևանք: «Սկզբում, որ գալիս են փախստականները, եթե սեփական տուն չունեն կամ ազգական, կարող են ապաստարանից օգտվել, այդ միջավայրը շատ վատն է, օրինակ մի մայր ու աղջիկ լուր տվեցին, թե ուզում ենք այստեղից տեղափոխվել, քանի որ շատ վատ է վիճակը»,-ներկայացնում է Հակոբյանը:

 

Նա հավաստիացնում է, որ նման տրամադրությունների տեր անձինք պետության հսկողության տակ են, բայց փաստ է, որ դեպքերը շարունակում են տեղի ունենալ, հետևաբար սպառնալիքը մշտապես մնում է: Եղիա Հակոբյանը սրա լուծումը մեկն է համարում. անկախ նրանից՝ Եվրոպայում է, Ամերիկայում, թե արևելյան որևէ երկրում, հայը, բացի իր տնից, մշտապես սպառնալիքի առջև է: Նշում է.

 

«Ես միշտ ասում եմ իմ մոտիկներին, որ եթե ուզում ենք ապրել մաքուր շրջանակի մեջ, մեր տեղը Հայաստան է: Օրինակ 50 տարի Սիրիայում՝ քրդական, արաբական շրջանակում եմ ապրել, պետությունը մեզ պաշտպանում էր, բայց երբ սկսվեց անիշխանություն, քո հարևանը կարող է քեզ թալանել, կողոպտել, սպանել, այդ միջավայրում ենք ապրել: Հիմա՝ որպես ապահով երկիր, եկանք Եվրոպա, բայց Եվրոպա շրջանակներ կան, որ բոլորը սոմալցի են, սևամորթ են,   նորմալ մթնոլորտ չէ հայի հայ ապրելու համար»:

 

Միակ նորմալ տեղը հայրենիքն է, սակայն այն դեպքում, երբ նորմալ սոցիալական միջավայր ապահովի, սոցիալական հավասարության պարագայում բոլորն էլ կվերադառնան այն միակ երկիրը, որը կարող է ապահովել իրենց զավակների անվտանգությունը: