Ատրպէյճանն այսօր կ'իրականացնէ Արցախի շրջափակում եւ Արցախի հայութեան բնաջնջման քաղաքականութիւն: Այս մասին, 15 դեկտեմբերին, ՀՀ-ի մէջ Ֆրանսայի դեսպանատան դիմաց բողոքի ցոյցի ժամանակ յայտարարած է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը:
«Նրանք այսօր փոխել են իրենց մարտավարութիւնը, ինչ-որ բնապահպանական ակտիւիստներ են բերել, փորձում են ցոյց տալ, թէ իբր մարդու իրաւունքների իրացմամբ են զբաղուած: Բայց Ֆրանսան այն պետութիւններից է, որ իրապէս գիտակցում է մարդու իրաւունքների արժէքը եւ նաեւ պէտք է յստակ արձանագրուի, որ ատրպէյճանական այս ակցիան որեւէ կապ չունի բնապահպանական ակտիւիստների հետ: Նրանք պետութեան կողմից ուղարկուած, պետական կազմակերպմամբ գործող մարդիկ են՝ նախկին ու ներկայ զինուորականներ: Մարդիկ, որոնք ֆինանսաւորւում են ուղիղ Ատրպէյճանի պիւտճէից: Նրանց թուում են «Գորշ գայլեր»ի անդամներ: Ես շատ լաւ յիշում եմ, որ 44-օրեայ պատերազմի ժամանակ Ֆրանսայի դեսպանն ինձ հետ հանդիպմանն ասաց, որ Ֆրանսան արգելել է «Գորշ գայլեր»ի գործունէութիւնը Ֆրանսայում որպէս տեռորիստական կազմակերպութիւն: Դրանք այն մարդիկ են, որոնք պատերազմից անմիջապէս յետոյ հենց Ֆրանսայի տարածքում որսի էին ելել, փորձում էին գտնել հայերի, որ հաշուեյարդար տեսնեն»,-ըսած է Թաթոյեան:
Ան յայտարարած է, որ Ատրպէյճանի սանձարձակ պահուածքը անպատժելիութեամբ ոգեւորուած ըլլալն է, եւ այդ է որ պէտք է կանխարգիլուի: