Կիմը ամէն տեղ Հայաստանի Հանրապետութեան դրօշով էր, դրօշը իր սենեակի պատին փակցուած էր, նաեւ մեքենայի մէջ ունէր դրօշ, անոր սէրը Հայրենիքն էր, Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ պատմած է կամաւորագրուած եւ Հայրենիքի պաշտպանութեան համար զոհուած (ծնեալ՝ 1995 թուականի 17 մարտին) ՀՅԴ անդամ Կիմ Խաչատրեանի եղբայրը` Սոս Խաչատրեանը:
Կիմը Արենիէն էր, Երեւանի պետական բժշկական համալսարանի հինգերորդ տարուայ ուսանող էր: «Կիմը բժիշկ էր, բայց ինքը սպիտակ խալաթով չգնաց պատերազմ, ինքը գնաց զէնքով, գնաց որպէս զինուոր: Իր գործը կեանքեր փրկելն էր, բայց գնաց իր կեանքը տուեց հայրենիքին: Գնաց որպէս զինուոր իր պարտքը տալու, իմ պարտքը տալու, մեր պարտքը տալու: Ես իր մեծ եղբայրն եմ, եւ ինքը ինձանից առաջ ընկաւ: Ինձ ասում էր՝ դու երեխայ, կին ունես, դու մնայ, ես կը գնամ: Ինքը աւելի ուժեղ էր, քան ես: Կիմը չսպասեց, որ իրեն կանչեն, զգաց, որ իր կարիքը կայ ու գնաց»,-ըսած է ան:
Կիմը կռիւի գացած է 12 հոկտեմբերին, ան ջոկատի հրամանատար էր, զոհուած է ականանետի հարուածէն՝ 31 հոկտեմբերին: «Երկու, երեք օրը մէկ խօսում էինք, մի երեք օր չէր զանգել եւ երբ զանգեց, ասացի, որ անհանգստանում էի, ինքն էլ ասաց, որ դրա համար ամէն օր չզանգեմ, որ տենց չանհանգստանաս: Վերջին անգամ հոկտեմբերի 30-ին զանգեց, հեռախօսը թողել էր մօտս եւ բոլոր ծանօթների համարներն ուզեց: Իրենք զրոյից դիրքեր են սարքել, արդէն նահանջած դիրքեր է եղել եւ իրենք խրամատ են քանդել, յենակէտ են սարքել, եւ արդէն բուժկէտ սարքելու ընթացքում ականանետի հարուածից զոհուել է»,-ըսած է ան։

Սոս Խաչատրեանը նշած է, որ զոհուած է նաեւ դասակի հրամանատարը, վիրաւորուած է բժիշկը եւ մէկ կամաւորական: Զոհուելէ ետք Կիմի գրպանէն գտած են եղբօր հեռախօսահամարը եւ մէկ փամփուշտ, որ պահած էր իր համար, որ յանկարծ գերի չիյնար։
«Դաշնակցութեան ուսանողական խմբից 97 հոգի կամաւորագրուեցին, 96 հոգին վերադարձան, մենակ Կիմը զոհուեց: Գնալուց, երբ հրաժեշտ էինք տալիս, մեր հայրիկին չթողեց, որ գրկի, ասաց` հայրիկ գիտես չէ՞ ուր եմ գնում, ամէն ինչին պատրաստ կը լինես, ասաց ու գնաց»,- ըսած է եղբայրը եւ նշած, որ Կիմը այնքան շատ ընկերներ ունէր, որ կը զարմանային, թէ ինչպէս կը հասցնէ բոլորին ժամանակ տրամադրել։ Կիմի ընկերներուն մէկ մեծ մասին ալ անոր զոհուելէն ետք ճանչցած են:
Սոսը պատմած է, որ Կիմը ատամնաբուժ էր, իսկ իրենց հօրեղբօր տղան՝ ատամնաշար։ Անոնք ծրագրած էին Արենիի մէջ բանալ ատամնաբուժարան եւ միասին աշխատիլ, շինարարութիւնը արդէն սկսած էին, սակայն կիսատ մնաց:

«Ինքը պէտք է լինէր լաւագոյն մասնագէտ, պէտք է վերապատրաստուէր եւ որպէս լաւագոյն մասնագէտ գար: Հայրիկս անընդհատ ասում էր՝ պէտք է Կիմին շուտ ամուսնացնենք, ես էլ ասում էի՝ թող չշտապի: Մեծ երազանքներ ունէի իմ մէջ Կիմի հարսանիքի հետ կապուած, նրա ընտանիքի հետ կապուած, ամէն ինչ կիսատ մնաց»,-ըսած է եղբայրը:
Կիմը մինչ կռիւ երթալը գրառում կատարած էր իր դիմատետրեան էջին. «Բախտը մէկն է զինուորի` կա՛մ մահ, կա՛մ ազատութիւն»:
Իսկ աւելի վաղ, երբ դեռ չէր մեկնել կռիւ, շնորհաւորելով ուսուցչի օրուայ կապակցութեամբ հօրը, ով ռազմագիտութեան ուսուցիչ է, հրապարակել էր լուսանկարել եւ գրել. «Ուսուցչի օրը ... Իմ կեանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդէպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»:

