image
Հրատապ լուրեր:

Կահիրեում մահացել է հայկական համայնքի մտավորական նահապետը

Կահիրեում մահացել է  հայկական համայնքի մտավորական նահապետը

Եգիպտոսում 87 տարեկանում  մահացել է հայտնի գրող, հրապարակախոս, կրթական, մշակութային, հասարակական գործիչ, ՀԲԸՄ  Շրջանակային Հանձնաժողովի եւ Կահիրեի Մասնաճյուղի  պատվո ատենապետ, Եգիպտոսի Հայոց թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանի պատգամավորական ժողովի նախկին անդամ եւ քաղաքական ժողովի ատենապետ Պերճ Թերզյանը։ 

Նրան համարում են Կահիրեի հայ համայնքի առաջնորդ-նահապետը, որ մեծ դեր է ունեցել համայնքի մշակութային, հասարակական, եկեղեցական կյանքում, նպաստել տպագրության, կրթության զարգացմանը, հայ-եգիպտական կապերի եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը։ 

Պերճ Թերզյանը ծնվել է 1938 թվականին, Կահիրեում՝ Կիլիկիայից գաղթածների ընտանիքում։  1951 թվականին ավարտել է Կահիրեի Մխիթարյան նախակրթարանը, 1956 թվականին՝ Մարոնիթ հայրերի վարժարանը, 1963 թվականին՝ Էյն Շամս համալսարանի համագործակցական եւ վարչական գիտությունների ինստիտուտը, 1964–1965 թվականներին հաճախել է Կահիրեի Ամերիկյան համալսարան։

Նա 1969 թվականին հիմնադրել է «African Press» (1996 թվականից՝ African Press S. A. E. բաժնետիրական ընկերություն) տպարանը։ 2002 թվականից Հայկական բարեգործական ընդհանուր միության եռամսյա «Տեղեկատու» հանդեսի, 1998-2009 թվականներին «Արեւ» օրաթերթի արաբական ամսօրյա հավելվածի, 2010 թվականից Հայկական բարեգործական ընդհանուր միության «Արեգ» արաբական ամսօրյայի խմբագրական խորհրդատուն է եղել։

Լույս են տեսել Պերճ Թերզյանի «Եգիպտահայ հայացքներ. պատմության, քաղաքականության եւ մշակութային ժառանգության մասին», «Յետադարձ անդրադարձ»  հրապարակախոսական նյութերի ժողովածուները, «ՀՀ Եգիպտոսի դեսպանատան ծննդոցը»,  «Արեւ»ի արաբերէն ամսօրեայ յաւելուածը եւ այլ գրքեր։ Պարգեւատրվել է Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով , Հայ եկեղեցու «Սբ Սահակ-Սբ Մեսրոպ» եւ ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշաններով, ստացել է, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», Հայկական բարեգործական ընդհանուր միության «Պատվո անդամ» եւ այլ տիտղոսներ։ 

Այսօր Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկատարվի ազգային գործչի հուղարկավորության եկեղեցական կարգը, որից հետո նրա մարմինը կամփոփվի Հելիոպոլիսի հայկական ազգային գերեզմանատանը։