Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սերովբէ եպս. Իսախանեան կը գրէ ՝
Մենք խմում ենք մեր հայրենիքի կենացը ու նրա ցաւը տանում, բայց թալանում ենք նոյն այդ հայրենիքը եւ աւելացնում նրա ցաւը։
Մենք խմում ենք հայ ժողովրդի կենացը եւ սիրուն-սիրուն խօսքերով ցաւը տանում մեր ժողովրդի, բայց պատրաստ ենք անհատապէս իրար յօշոտել եւ բազմապատկել այդ ցաւը։
Մենք խմում ենք մեր բանակի կենացը եւ ցաւը տանում մեր փառապանծ տղերքի, բայց առանց վարանելու ու խղճի խայթի խլում ենք այդ նոյն բանակի զինուորի բերանի հացը ու նրան պահում կիսասոված, կիսամերկ ու կիսազինուած, մինչեւ ատամները զինուած թշնամու դէմ յանդիման։
Մենք խմում ենք մօր կենացն ու խօսքով պոլ-պոլ տանում նրա ցաւը, բայց մեր վարք ու բարքով նսեմացնում ենք նոյն այդ մօր յարգն ու պատիւը։
Մենք խմում ենք մեր երեխաների կենացը, բայց ոչ միայն չենք զբաղւում նրանց ճշմարիտ ու բարոյական վեհ արժանիքներով մարդ դաստիարակելով, այլ մեր վարք ու բարքով նրանց բոլորովին սխալ օրինակ ենք ծառայում։
Մենք խմում ենք մեր Եկեղեցու կենացը, մեզ համարում առաջին քրիստոնեայ պետութիւն, բայց մեր գործնական անհաւատութեամբ սար ու ձոր հեռու ենք իրական քրիստոնէութիւնից, եւ կենդանի Քրիստոսին թողած, արձան ենք կառուցում, որ աշխարհին խնդացնենք մեզ վրայ։
Մի պարզ ճշմարտութիւն կամ իրականութիւն բարձրաձայնեմ. Գերմանացին, օրինակի համար` չի խմում Գերմանիայի կենացը, ոչ էլ ամպագոռգոռ ճառում է հայրենասիրութիւնից։ Երեւի թէ անցեալից դասեր է քաղել։ Երեւի։ Մենք էլ մեր հին ու նոր անցեալից մի քիչ դասեր քաղէինք, վատ չէր լինի։ Երեւի։