image

Իրաքում կոտորածից փրկված տղան երեք տարի հետո գտել է մորը, նրանք շուտով կմիանան

Իրաքում կոտորածից փրկված տղան երեք տարի հետո գտել է մորը, նրանք շուտով կմիանան

Եզդիների ցեղասպանությունից փրկված 12 տարեկան Իմադ Թամոն օրերս կարողացել է գտնել իր մորը, որը երեք տարի առաջ նույնպես փրկվել եւ իր վեց երեխաներից չորսի հետ մեկնել է Կանադա:

12-ամյա եզդի տղան գերի էր ընկել  2014-ին, երբ զինյալները ներխուժել էին Հյուսիսային Իրաքի Սինջար շրջանը եւ իրականացնել եզդիների կոտորած: Սինջարը իրաքյան եզդիների ամենախոշոր բնակավայրն է: Զինյալները, գերի վերցնելով հազարավոր եզդի երեխաների, մտադիր էին նրանց դարձնել իսլամիստներ: 

Երեք տարի գերի մնալով՝ Իմադ Թամոն ազատվել է Մոսուլ քաղաքում իրաքյան բանակի մղած վերջին ճակատամարտից հետո: BBC-ն հայտնում է, որ տղան այժմ գտնվում է Հյուսիսային Իրաքում իր միակ հարազատի՝ հորեղբոր մոտ: Իմադը ցանկություն է հայտնել միանալ մորն ու ընտանիքի մյուս անդամներին ու մեկնել Կանադա: Փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունները խոստացել են տղային Կանադա տանել: Նրանք կապ են հաստատել մոր եւ որդու միջեւ, եւ չնայած Իմադը ծանր վիճակում գտնվելու պատճառով շատ էր փոխվել, մայրը ճանաչել է որդուն: Ընտանիքի հոր եւ մյուս երեխայի ճակատագիրը մնում է անհայտ:  

 


 

Իմադի մայրը՝ Նոֆա Միհլո Զաղլան փոքր որդու հետ

 

Լրատվամիջոցները հրապարակել են Իմադի լուսանկարները, նշելով, որ նա այժմ բուժվում է վերքերից եւ վերականգնվում է թերսնումից: Տղան նաեւ հրազենային վնասվածք ունի  ստամոքսի շրջանում եւ գտնվում է փախստականների ճամբարի բժիշկների հսկողության տակ: 

2014 թվականի օգոստոսին Իրաքի եզդիների կոտորածի արդյունքում հազարավոր մարդիկ են սպանվել,  տասնյակ հազարավոր երիտասարդներ դավանափոխ են եղել, մոտ ինը  հազար կանայք եւ աղջիկներ առեւանգվել ու վաճառվել են: