image

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի հայտարարությունը

 ՀՅԴ    35-րդ Ընդհանուր Ժողովի  հայտարարությունը

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար աշխարհաքաղաքական և ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի Հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, Հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում։

Պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները,    միջազգային ինստիտուտների և  միջազգային իրավունքի, ինչպես նաև  զսպման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են Հայոց պետականության լինելիությանն ու հայկական համայնքների կենսունակությանը։ 

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ  են ստեղծում։ 

Ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմի, այնպես էլ ՀՀ վարչախմբի համար առաջնային թիրախ են ազգային ինքնութենական արժեքներն ու ազգային գաղափարախոսություն կրող ուժերը։ 

Հայաստանի անվտանգային և կառավարման ճգնաժամը, ներազգային թշնամանք հրահրելու և Սփյուռքը պառակտելու իշխանության քայլերը խորացնում են  հանրային հուսալքությունը։ 

 

Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց․

 

Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է  պայքարի վճռական հանգրվանի մասին։

 

Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետևյալ առաջնահերթությունները՝

• Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական  պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան,

• Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում, 

• Հայոց բանակի, պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդում,

• Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում,

• Ազգային և պետական շահերի վրա կառուցված, անվտանգային սպառնալիքները հաղթահարող  արտաքին քաղաքականության որդեգրում,

• Սփյուռքի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային և քաղաքական համախմբում։

 

Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց. 

ՀՀ  իշխանությունների որդեգրած  ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու,  Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է:

ՀՅ Դաշնակցությունը լի է վճռականությամբ և պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության  պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում։

Մարտ 6, 2025, Ծաղկաձոր