 
                    Ազգային Ժողովի պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը «Եռաբլուր» զինուորական պանթէոնին մէջ յայտարարած է, որ իրեն համար հոկտեմբեր 27-ի գործը բացայայտուած չէ:
«Ասելիքը հենց դա է եւ խորհուրդն էլ դա է, որ պէտք է բացայայտուի, այդ էջն էլ փակուի։ Էջը փակուել չի նշանակում մոռանալ, թէ ինչի միջով անցաւ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից յետոյ եւ կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ից յետոյ էլ մշտապէս մենք կարծել ենք, որ պէտք է մէկ օր առաջ դա բացայայտուած լինի։ Նորից ուզում եմ յիշեցնել Հրանտ Մաթեւոսեանի խօսքը՝ հոկտեմբերի 27-ը պէտք է բացայայտուած լինէր 28-ին։
Ընդհանրապէս դեռ հնարաւորութիւն կայ հասնել լիարժէք բացայայտման եւ ես լիայոյս եմ, որ այս տարի թէկուզ փոքր, բայց կը տեսնենք բացայայտման գոնէ հնարաւորութիւն, որը հնարաւորութիւն կը տայ շարժուելու առաջ։ Կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն, փախած են, բայց նրանք մահացած չեն ու նրանք գոյութիւն ունեն։
Նորից կրկնեմ այն մարդկանց ցանկը, որոնց ես կ՚ուզէի մեր պատկան մարմինները օր առաջ տեսնէին Հայաստանում եւ տային իրենց հետաքրքրող հարցերը. Ալիկ Յարութիւնեան, որտե՞ղ է Ալիկ Յարութիւնեանը, ամենակարեւոր վկաներից մէկը։
Վկաներից շատերը մահացել են, բայց կան առանցքային վկաներ, որոնք կան եւ չկան եւ իրենց չլինելը պէտք է մեզ յուշի, որ նրանց ներկայութիւնը հնարաւորութիւն է տալիս նախաքննական մարմնի 99 թուականին ձեռք բերուած ապացոյցները նորից գտնեն իրենց ճանապարհը, որը մեզ լիարժէք կը տանեն բացայայտման։ Խօսքը վերաբերում է Ջհանգիրեանի կողմից ստեղծուած քննչական խմբի աշխատանքներին եւ այն հատորներին, որոնց մէջ ըստ էութեան շատ բան կարելի է տեսնել»,-ըսած է Քոչարեանը։
Քոչարեանը ըսած է, որ հակառակ անոր որ մարտ 1-ի բացայայտումը Մարդկային իրաւանց եւրոպական դատարանի որոշմամբ ամբողջացուեցաւ, հոկտեմբեր 27-ի ուղղութեամբ մենք հսկայական ընելիք ունինք եւ այդ ընելիքի հետ կապուած հիմնական հսկող գործառոյթներ ունի գլխաւոր դատախազութիւնը։