Հայաստանի միակ ամբողջությամբ բնապահպանական դպրոցում՝ Ավետիսյան դպրոցում (Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիր) ինքնատիպ ձեւով ամփոփվեց հերթական բնապահպանական միամսյակը: Ինչպես տեղեկանում ենք դպրոցից, աշակերտների ուժերով հավաքվել է էկոլոգիապես անվնաս, հիմնականում երկրորդ կյանք ստացած դիմացկուն կտորներից կարված շուրջ 800 տոպրակ՝ «Ավետիսյան դպրոց» պատկերանիշով: Շատ ծնողներ, արձագանքելով դպրոցի նախաձեռնությանը, մեկի փոխարեն կարել եւ դպրոց էին ուղարկել մի քանի տոպրակ: Աշակերտները Հարավ-Արեւմտյան թաղամասում գտնող դպրոցից քայլելով անցել են Հարավ-Արեւմտյան թաղամասի հանրախանութներով՝ խանութների հաճախորդներին բաժանելով էկոլոգիապես անվնաս տոպրակները, ինչպես նաև հիշեցրել են, թե ինչպիսի չարիք են բնության և մարդկության համար պոլիէթիլենային տոպրակները: